Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Արշակ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
Արշակին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Հանցավոր արարքի կատարման պահին Արշակը անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Դատաքննության փուլում երիտասարդն արդեն 18-ը բոլորել էր:
Արշակի հայրը նրա կենսաբանական մոր հետ ամուսնացած չի եղել: Արշակն ու քույրը մեծացել են հոր մոտ, հայրն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ:
Արշակի կենսաբանական մայրն ապրել է վարձակալությամբ՝ քաղաքի տարբեր մասերում, վարել է անկանոն կյանք, չարաշահել է ալկոհոլը…
Այնուամենայնիվ, հայրը չի արգելել Արշակի շփումը մոր հետ, Արշակը երբեմն այցելել է մայրիկին:
Դեպքի պահին վերջինս վարձակալությամբ ապրում էր Ջրվեժում:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 10-ին Արշակն այցելել է մորը, ասել է, թե ընկերների հետ է հանդիպելու: Նա մոր տանից վերցրել է հեռախոսի լիցքավորիչ: Մայրը, որդու դուրս գալուց առաջ, նրան բանալի է տվել ու առաջարկել է՝ եթե ուշ լինի, տղան քաղաքի մյուս ծայրը չհասնի, գա ու գիշերի իր տանը…
Ժամը 23-ի սահմաններում Արշակը եկել է մոր վարձակալած բնակարան, իր բանալիով բացել է դուռը…
17-ամյա տղան անակնկալի է եկել՝ մոր անկողնում տեսնելով մերկ տղամարդու…
Արշակը զայրացել է մոր վրա՝ տեսնելով, որ նա նաև անսթափ վիճակում է: Մորն ասել է. «Էլի լակել ե՞ս»:
Բնակարանում գտնվող տղամարդը՝ 35-ամյա Ա. Կ.-ն, իր հերթին սկսել է անպատվել Արշակին՝ մոր հետ կոպիտ խոսելու համար: Արշակը գիտակցել է, որ տղամարդը պատահական չի հայտնվել մոր տանը՝ «պատուհանից չի ներս մտել», այդ պատճառով առանձնապես հակակրանք չի ունեցել նրա հանդեպ:
Սակայն նրա խոսելու տոնից զայրանալով՝ կոպիտ է պատասխանել: Արշակն ու Ա. Կ.-ն սկսել են հայհոյախոսել միմյանց հասցեին: Ա. Կ.-ն, որ ֆիզիկապես ուժեղ էր անչափահաս տղայից, ցանկացել է մոտենալ նրան: Արշակը հրել է: Ա.Կ.-ն վայր է ընկել՝ մեջքով ընկել է մոտակա լրագրասեղանին, որի վրա ապակե սկահակ կար: Սկահակը ջարդվել ու վնասել է տղամարդու մեջքը:
Նա ոտքի է կանգնել:
Շարունակվել է վեճը Արշակի ու Ա.Կ.-ի միջև: Վեճի ընթացքում Արշակը վերցրել է խոհանոցային դանակն ու մի քանի անգամ հարվածել է Ա. Կ.-ին՝ վնասելով թոքը, առաջացնելով արյունահոսություն:
Ավելին՝ 1in.am