Դատախազ Պետրոսյանը բողոքարկեց պարոն Քոչարյանի դեմ անձնական երաշխավորություն կիրառելու մասին որոշումը Վերաքննիչ դատարան, և նաև բողոքարկեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով առաջին ատյանի դատարանը Սահմանադրական դատարան էր դիմել և կասեցրել էր գործի վարույթը, այդ երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չէին: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ դատախազը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմանից, Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել, պետք է թողնի դրանք առանց քննության. «Բոլորիս համար պարզ է, որ այն ճնշումները, որոնք մենք տեսանք առաջին ատյանի դատարանում դատական ակտերը կայացնելուց հետո, Վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է , թե ինչ տեղի կունենա իր հետ, եթե կիրառի օրենքը, իսկ օրենքն ասում է, որ այդ բողոքները պետք է թողնել առանց քննության: Վերաքննիչ դատարանի դատավորը կդառնա թիրախ, ինչպես թիրախ դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը, միգուցե ավելի բիրտ ճնշումների կենթարկվի»:
Ալումյանը նշեց, որ շատ տարօրինակ է, որ որ պատահականության սկզբունքով այդ բողոքները հայտնվեցին նույն դատավորի մոտ. «Ընդ որում այն դատավորի մոտ, ով տարեց տարի փաստաբանների կողմից վարկանիշավորման գործընթացում ամենացածր կամ վերջինից մեկ տեղ վերև տեղում է եղել: Փաստաբանները մշտապես բարձրաձայնել են, որ այդ դատավորը եղել է դատախազության տեսակետն առաջ տանող, երբևիցե այս դատավորը չի կայացրել վճիռներ, որոնք կհակասեին դատախազության դիրքորոշմանը: Այսինքն՝ գործը հայտնվում է ամենացածր վարկանիշն ունեցող դատավորի մոտ, ընդ որում երկու բողոքներն էլ: Մենք պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան և պահանջել մեզ տրամադրել, թե դա ոնց է կատարվել, եթե դա եղել է համակարգչային մակագրման միջոցով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչային, որպեսզի հասկանանք, թե ինչ միջամտություն է տեղի ունեցել այս բողոքների մակագրման ընթացքում»: