Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազությունը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Նիստի ընթացքում երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ հայտարարելով, որ վերջինս այն դատավարն է, ով առավել հազվադեպ է կայացնում դատական ակտ, որը կհակասեր դատախազության դիրքորոշումներին: Ալումյանը նշեց, որ իրեն հանձնած համապատասխան կրիչն ինֆորմացիա չի տալիս այն մասին, թե ինչու են վերաքննիչ բողոքները հանձնվել հենց Դանիելյանին:
«Մինչ այժմ Քոչարյանի գործով բազմաթիվ բողոքներ են բերվել և որևէ դեպք չի եղել, որ բողոքը քննի այնպիսի դատավոր, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել։ Կասկածելի է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից ներկայացված բողոքները ձեզ մակագրելը»,–ասաց Ալումյանը՝ հավելելով, որ դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն:
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը միացավ նաև երկրորդ նախագահը:
Ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը հետաձգելու համար, քանի որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը չի կարողացել ներկայանալ նիստին: Դատարանը մերժել էր միջնորդությունը: