Իրավական 

Դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում. ՍԴ անդամի թեկնածու Գրիգորյանը՝ դատարաններն արգելափակելու մասին

analitik.am

Դատարանների դռները փակելու գաղափարը չի պատկանում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում:

Գրիգորյանը նորմալ չի համարում դատարանների դիմաց հանրահավաք իրականացնելը, նրա խոսքերով, դա պետք է արվի բացառապես ապահով հեռավորության վրա. «Գաղափարը ես չեմ տվել, դա իմ ոճը չէ, բայց ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում»:

Հարցին, թե ինչ կանի ինքը, եթե ընտրվի ՍԴ անդամ ու մի օր իր մուտքն արգելեն դատարան, Գրիգորյանը նշեց, թե կխնդրի թույլ տալ. «Առաջին հերթին ես խոսելու եմ մարդկանց հետ: Ես ուզում եմ ասել, որ նման պրակտիկա չի եղել Հայաստանում: Մարդիկ ամեն օր չեն գնում ու խանգարում դատավորներին դատարան մտնելիս: Սա վերջին 2,5 տասնամյակի ընթացքում դատական իշխանության նկատմամբ արտահայտված վերաբերմունք է: Ես մեծ հաշվով դրա մեջ նաև հնարավորություն եմ տեսել, որպեսզի դատավորները խոսեն մարդկանց հետ: Ոչ մի սխալ բան չկա: Ես նաև պետք է ողջունեմ դատավորների մեծամասնությանը, ովքեր այդ ամեն ինչից չեն սարքել մեծ գլխացավանք, իրենց չեն դրել հալածյալի կերպարի մեջ, ըմբռնումով են մոտեցել: Սակայն ես չեմ քննադատում նաև դատավորներին, ովքեր սուր են ընդունել դա»:

Հարցին, թե դատարանների դռները փակելով հնարավոր եղա՞վ արդյունքի հասնել, Գրիգորյանն ասաց, թե չի կարող ասել՝ որն է եղել նպատակը, միայն ասում է, որ դրա մեջ որևէ սարսափելի բան չի տեսնում:

Նույն շարքից