Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Մարտի 1-ի զոհ Քլոյանի հոր հարցին՝ հիշելով նաև Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների՝ արդարադատությանը երբեք չեմ միջամտել: Դուք դատավոր եք, որին ես եմ նշանակել, բայց ես ձեզ երբեք չեմ տեսել նշանակումից հետո, որևէ շփում չեմ ունեցել: Այսօր՝ հունիսի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ առհասարակ դատավորների հետ շփում չի ունեցել:

Պատասխանելով Սարգիս Քլոյանի հարցին, թե ինչու գործը չի բացահայտվել իր նախագահության 40 օրերի ընթացքում, երկրորդ նախագահն ասաց, որ արդարադատությանը երբեք չի միջամտել, այդպիսի իրավունք չի ունեցել. «Ես դատարանների դռներ չեմ փակել (հավանաբար նախագահն ակնարկեց Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչը), ի տարբերություն այսօրվա իրողության: Ես որևիցե մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել: Չի եղել նման գոնե մեկ դեպք»:

Նշենք, որ դատական նիստի ժամանակ, որ ընթացքում քննվում էր Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի, ինչպես նաև Գլխավոր դատախազության բողոքները, դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնեցին, ինչպես Քոչարյանի պաշտպանները, այնպես էլ Սեդա Սաֆարյանը՝ տարբեր հիմքերով:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 18-ին ժամը 16:00-ին: Այդ օրը դատարանը կհայտնի ինքնաբացարկի մասով իր որոշումը:

Նույն շարքից