Իրավական 

Լրագրողը ձերբակալվել է՝ խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ և ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրև վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ: Լրագրողը գումարտակի հրամանատարի տեղակալին հայտնել է նաև, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, և այն չհրապարակելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000  ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը, այցելելով գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել և շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է:

Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է գումարտակի հրամանատարի տեղակալից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Լրագրողը ձերբակալվել է՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից