Իրավական 

Վահե Գրիգորյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր, ոչ ավելին. Արա Ղազարյան

«Վահե Գրիգորյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր, ոչ ավելին»,- այս մասին Analtik.am-ին ասաց «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Նշենք, որ Վահե Գրիգորյանը երդվել էր ՀՀ ազգային ժողովում և հայտարարել, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները և պարտականությունները:

«Նույնիսկ մեկնաբանության կարիք չկա, քանի որ Սահմանադրության 213 հոդվածը չափազանց պարզ է գրված: Մեկնաբանում են այնպիսի իրավական կարգավորում, որ անհստակ է, անորոշ ու անարդյունք, անկանխատեսելի: Մինչդեռ հոդվածը բավականաչափ պարզ է գրված»,- շեշտեց նա:

Ըստ Արա Ղազարյանի, իրերը պետք է մնան իրենց տեղերում, իսկ Վահե Գրիգորյանի ասածը պետք է գնահատել որպես արտահայտվելու ազատության դրսևորում:

Նշենք, որ ներկայումս Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին, իսկ ՍԴ նախագահ՝ մարտի 21-ին: Հրայր Թովմասյանի վրա տարածվում է գործող Սահմանադրության անցումային՝ 213 հոդվածը, ըստ որի՝ ՍԴ նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ մինչև Հրայր Թովմասյանի 65 տարին լրանալը:

Նույն շարքից