Հայաստանն այսօր ամենաանվտանգ երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ նախագահի նստավայրում գեներալ-մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակը 2018-ի հետ, ունենք մինուս մեկ, իսկ եթե հանենք նաև 2018-ից 2019-ին փոխանցված սպանությունները, ապա անգամ կարող ենք ունենալ մինուս 2-3 սպանություն:
Անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությանը, Օսիպյանը նշել է. «Այդ գործի հետ կապված իրականացվում են համալիր բոլոր օպերատիվ միջոցառումները՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ, իրավապահ համակարգի հետ, ավելին չեմ ցանկանա ասել՝ ելնելով գործի շահերից։ Ես այս պահին ոչինչ չեմ ասի, քանի որ կխանգարեմ գործի քննությանը»,-ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ այսպես կոչված քրեական աշխարհը, վստահեցրեց, որ դա վերահսկելի է ոստիկանության կողմից։