Իրավական 

Մանվել Գրիգորյանի հայտնի լուսանկարը միակը չէ. Պաշտպան

analitik.am

2018 թվականի հունիսի 16-ից հետո Մանվել Գրիգորյանը դաժանաբար պատժի է ենթարկվում, սա կալանք չէ, սա ամենադաժան պատիժն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ նախկին պատգամավորը հիմա՝ դատաքննության փուլում, գտնվում է այնպիսի զրկանքների և պայմանների մեջ, որի մեջ անգամ դատապարտյալը չի գտնվում. «Նրա հանդեպ հատուկ վատ վերաբերմունք կա: Ինչը կարելի է սովորական դատապարտյալին, չի կարելի Մանվել Գրիգորյանին: Մանվել Գրիգորյանի նկատմամբ կա հատուկ բացասական վերաբերմունք»:

Հարցին՝ արդյո՞ք այսքան ժամանակ ՔԿՀ-ում որևէ արգելված իր հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի մոտ, պաշտպանն ասաց, որ դա տեսականորեն բացառվում է, քանի որ Մանվել Գրիգորյանը շատ օրինապաշտ է. «Մենք գիտենք, թե ինչ  հսկողություն է մեր հանդեպ: Խոսքը միայն հեռախոսի մասին չէ: Դուք քիչ գիտեք հայտնի անձինք, ովքեր կալանքի տակ են գտնվել ու ում նկարել են: Այն նկարը, որը տարածվել էր հայտնի լրատվամիջոցով, միակը չէ: Այդ վերաբերմունքը մենք անընդհատ տեսնում ենք»:

Դիտարկմանը, որ պաշտպանական կողմը քայլեր չձեռնարկեց, Մկրտչյանն ասաց, որ դա կունենար ավելի բացասական հետևանքներ. «Այսօր էլ Գրիգորյանի հետ իմ հանդիպումները ոչ միայն ձայնագրվում են, այլ տեսաձայնագրվում են: Ես համոզված եմ: Դա արվում է համապատասխան մարմինների հանձնարարությամբ: Դուք ուզում եք ես գլխին բողոքեմ պոչի՞ց»:

Հիշեցնենք, որ խոսքը այն լուսանկարի մասին է, որը տարածվել էր հայտնի լրատվամիջոցներից մեկի կողմից, իսկ ավելի ուշ հեռացվել: Լուսանկարն արվել էր բանտախցում:

Նույն շարքից