Լաբորատոր հաստատված փորձաքննություն չկա: Ահա այսպես են պատասխանում հիմնականում խոզերի անկման դեպքերին պատասխանատուներ, իսկ ինչո՞ւ չկա, պատասխանում են` աֆրիկյան ժանտախտ չկա:
Երբ խոզի սեփականատերը նկարագրում է խոզի վախճանը`շնչարգելություն, մաշկի կապտություն, արյունոտ լուծ, ոչ մասնագետն էլ, եթե քիչ թե շատ առնչվում է ոլորտին, հասկանում է, որ խոսքը աֆրիկյան ժանտախտի մասին է, սակայն պատկան մարմինները պատասխանում են`ոչ: Եթե ոչ, ապա ինչու են կենդանուն անարյուն թաղում հողում, իսկ անասնագոմում արգելում 5 տարի խոզ պահել. հարցերը շատ են, պատասխանը մեկն է`լաբորատոր հաստատված դեպք չկա: Ինչո:ւ է ստացվում նման շրջան:
Վերջերս Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանը բարձրաձայնել էր խնդիրը`Տավուշի, Լոռու մարզերում խոզերի աֆրիկյան ժանտախտ առկա է, սակայն չկա համապատասխան լաբորատոր հաստատում: Ի դեպ, լաբորատորիան անկախ չէ, որն արդեն սխալ քաղաքականություն է:
Վերջերս, Սյունքիի մարզի Կոռնիձոր համայնքում էր ֆիքսվել խոզերի զանգավածային անկում`մեկ տնտեսությունից շուրջ 400 գլուխ, ու որոշ աղբյուրներ փորձում են`«սննդային թունավորում» պիտակով խնդիրը լուծել, բայց ստացվո՞ւմ է, իհարկե`ոչ: Զանգվածային սննդային թունավորում կամ անհայտ հիվանդություն չի լինում, մեր տարածաշրջանում կան կոնկրետ հիվանդություններ, որոնց նկատմամբ ձևավորվել է բուժման, կանխարգելման կանոններ և «նոր ու անհայտ» հիվանդությունը պետք է դառնա քննարկման առարկա, հետազոտություն, ի վերջո պատասխան, թե ի՞նչ նորահայտ հիվանդություն է:
Այստեղ խնդիրն այն է, որ անասնասանիտարական վիճակն է աղետալի: Իսկ նայել աղետի աչքերին ոչ ոքի համար ցանկալի չէ, չի բացառվում, որ Գորգոն Մեդուզայի նման նայլեուց ոչ թե քարանաս, այլ պաշտոնդ կորցնես: Ասում են, որ մեծ հաշվով համայնքերում հաշվառում որպես այդպիսին չկա, թեև ԱՎԾ-ն ժամանակ առ ժամանակ թվեր է հրապարակում, իսկ ինչո՞ւ չկա, որովհետև չկան այն մարդիկ, ովքեր պետք է ի պաշտոնե զբաղվեին այդ գործով, պատասխանաոտւ լինեին և, ի վերջո, դրա համար աշխատավարձ ստանային`անասնաբույժները:
Այսօր աշխարհում խիստ կարևորվում է անասնաբուժության ոլորտը, քանի որ դրանից է կախված հանրության առողջությունը, նաև պարենային ապահովությունը, ի վերջո պարենային անկախությունը: Իսկ այս ոլորտը Հայաստանում մշտական վախճանքի մեջ է և ոտքի կանգնացելու փոխարեն պարտիզանական հայտարարություններ են հնչում`ոչ տեսել ենք, ոչ լսել ենք:
Ի դեպ, այն անձինք, ովքեր գնում են այս կառույցում աշխատելու, նախապես պետք է իմանան, թե ինչի հետ են առնչվելու, հետո որոշում կայացնեն`պատրա՞ստ են լուծելու ոլորտի խնդիրները, առողջացնելու և հզորացնելու անասնաբուժության ոլորտը, և ի վերջո, պատրաստ լինելու բռնելու քթոցի տակից փախած ուլին, եթե ոչ, ապա անասնապահությամբ զբաղվելը մեր երկրում շարունակվելու է մնալ ռիսկային: Միայն հայտարարելով չէ`ոչխար պահեք, լեզվով դեռ ոչ ոք ոչխար չի պահել:
Ի դեպ, հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ հրապարկվել էր Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության զեկույցը, որտեղ նշվում էր, թե մեծացել է ռիսկը, որ խոզերի աֆրիկյան ժանտախտը էնդեմիկ հիվանդություն կդառնա Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում՝ չափավորից դառնալով բարձր, մասնավորապես, այդ ոլորտում տեղական արտադրությունում հիվանդության բռնկման դեմ պայքարի ժամանակ ծագած խնդիրների պատճառով:
Գոհար Ստեփանյան