Հասարակություն 

Սահմանամերձ Ազատամուտը՝ առողջության և աշխատանքի միջև

analitik.am

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը ոչ գյուղ է, ոչ քաղաք, այն հիմնադրվել է 1970թ. որպես «Բենտոնիտ» կոմբինատի բանավան: Համայնքն ունի 22 բազմաբնակարան շենք, 22 քոթեջ: Այն 2017թ-ի տվյալներով ունի 3182 մարդ, բնակավայրի մակերեսն ընդամենը 0.5կմ2: Խորհրդային միության փլուզումից հետո «Բենտոնիտը» ևս կանգ առավ կամ աշխատում է մասամբ. նախկինում արտադրանքը գնացքով գնում էր Ադրբեջանով Ռուսաստան, իսկ այժմ մեծածավալ արտադրության դեպքում տրանսպորտային ծախսերը ավելացել են և արտահանումը չի արդարացվում, միայն քիչ քանակով դեռևս պատվերներ կան:

Անկախությունից հետո քաղաքաբնակ կենցաղավարությանը սովոր մարդիկ սկսեցին վարել ոչ քաղաքային, ոչ գյուղական կենսակերպ: Բանավանը հողատարածքներ չուներ, «Բենտոնիտը» գրեթե չէր աշխատում, ժամանակին գործող կարի արտադրությունը նույնպես, և բնակավայրի մարդիկ մնացին անտառի եզրին, սահմանից մոտ 3 կմ հեռու և անտառի հույսին: Դրանից հետո սկսվեց փայտածուխի արտադրության գործընթաց:

Ազատամուտում 26 փայտածուխի արտադրամաս կար, որտեղ աշխատում էին շուրջ 300 հոգի, եկամուտ իհարկե կար, սակայն ծուխը առողջական խնդիրներ էր առաջացնում, և այս տարվա մայիսի 29-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի որոշմամբ, Ազատամուտ համայնքում ստեղծվել է փայտածուխի արտադրամասերի գործունեությունը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով:

Նշենք, որ բացի առողջական խնդիրներից, փայտածուխի արտադրական օրինականության հարցը ևս կար:

Հիշեցնենք, որ Բնապահպանական հանրային դատարանը «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» բնապահպանական հանրային գործի վճռով ՀՀ գլխավոր դատախազից պահանջել է ստուգել Հայաստանում փայտածուխի արտադրությունը:

Հայաստանի փայտածուխը ոչ միայն ներքին օգտագործման համար էր, նաև արտահանվում էր:

Analitik.am-ի հետ զրույցում Ազատամուտ համայնքի ղեկավար Վահագն Ալավերդյանը նշեց, որ փայտածուխի արտադրամասերը շուրջ մեկ ամիս է չեն աշխատում, և մարդիկ մնացել են անգործ: Այժմ քննարկումներ են ընթանում տարբեր հարթակներում այդ 300 հոգու զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ:

«Այս պահին, քննարկում անելուց բացի, այլ բան չենք կարող անել: Նրանք հասկանում են, որ Ազատամուտի ծուխը վնասում է նաև իրենց ընտանիքին, սակայն հնարավորություն չունեն այլ եկամուտի աղբյուր ստեղծելու»,- ասաց նա և հավելեց, որ մարդիկ հնարավորություն չունեն նաև այլ սարքավորումներ գնելու ու այլ ձեռնարակտիրությամբ զբաղվելու:

Այն ժամանակահատվածը, որ Ազատամուտում էինք, գյուղամիջում հատուկ կարիքներ ունեցողներ կային՝ թե՛ մեծեր, թե՛ երեխաներ, պարզվեց որ համայնքում շուրջ 20 հատուկ կարիքներ ունեցող երեխա և մեծահասակ կա, իսկ գյուղամեջը անբարեկարգ էր սայլակով շրջելու համար:

Սիմոնյան Արսենը Ազատամուտի կենտրոնում էր, տղամարդիկ հավաքվել էին շուրջը՝ նրան օգնում էին ամրացնել հեծանիվասայլակի առաջնամասը, որտեղ նա տարբեր իրեր և գործիքներ էր տեղադրել:

Հարցին, թե դժվա՞ր է տեղաշարժվել համայնքում, Արսենը չպատասխանեց, միայն շեշտեց, որ ժողովուրդը գործ չունի: Ասաց նաև, որ հեծանվասայլակը պատրաստել էր հայրը:

Համայնքի ղեկավար Վահագն Ալավերդյանը նշեց, որ միջազգային կառույցներից մեկի հետ համատեղ ծրագիր են իրագործում՝ լուծելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների զբաղվածության հարցը: Նա նաև վստահեցրեց, որ բոլոր երեխաները դպրոց են գնում, դպրոցն ապահոված է թեքահարթակներով, և նրանց կրթություն ստանալու իրավունքը չի անտեսվում, սակայն ուսանողներ հատուկ կարիքներ ունեցողների շրջանում չունեն:

Նշենք, որ բանավանը հիմնականում բարձրահարկ շենքեր են, որոնք հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցողների համար:

Վահագն Ալավերդյանը նաև ասաց, որ հարևան-բարեկամներն են օգնում իջեցնել-բարձրացնելուն, մեկ դեպք է եղել, 3-րդ հարկի բնակարանը վաճառել են և առաջին հարկում գնել, որպեսզի ազատ ելումուտ կարողանան անել:

Ինչ վերաբերում է տարածքի անբարեկարգ վիճակին, ասաց, որ 70 մլն դրամի ճանապարհաշինական ծրագիր են ներակայացրել և հույս ունեն, որ դրական լուծում կստանա հարցը և հատկապես հատուկ կարիքներ ունեցող փոքր ավանի շուրջ 20 բնակչի համար հարմարավետ կլինի համայնքի կենտրոնում տեղաշարժվելը:

Ինչ վերաբերում է բուն զբաղվածությանը, ապա համայնքապետը նշեց, որ գալիս են գործարարները, հետաքրքրվում, ու գնում և լուրջ հետաքրքրություն չեն ունեցել: Եվ այսպես, հանրապետության ծայրամասի սահմանամերձ ավանը, չունենալով հողատարածք, մնացել է պետական աշխատատեղերի և անտառի հույսին:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Analitik.am-ի՝ փայտածուխի արտադրության հարցի վերաբերյալ նշեց, թե Ազատամուտում ուսումնասիրություններ են կատարվել և հայտնաբերել են, որ շնչառական հիվանդությունների աճ կա և պատճառը ծուխն է: Մարզպետը շեշտեց, որ այդ արտադրամասերը պետք է ֆիլտրեր տեղադրեն, եթե ցանկանում են աշխատել, և աշխատել օրինական դաշտում. «Բարձրացեք Աչաջուր և նայեք Ազատամուտին, անզեն աչքով երևում է, որ ծուխ է նստած համայնքի վրա, թող ֆիլտրեր տեղադրեն և շարունակեն աշխատել, ոչ թե մարկանց հիվանդացնելու հաշվին աշխատեն: Սեղանի վրա դրված է ոչ միայն 300 հոգու աշխատանքը, այլ ամբողջ բնակչության առողջության խնդիրը, թող բարի լինեն համապատասխան նեդրումներ կատարեն»:

Նշենք՝ Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ անգամ գերազանցում են հարևան այլ համայնքների ցուցանիշներին:

Ազատամուտում բարձր են նաև ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները: Իսկ թե ինչու է փոքրիկ ավանում հատուկ կարիքներ ունեցողների թիվը մեծ`ոչ ոք չկարողացավ պատասխանել, միգուցե`ծո՞ւխն է պատճառը:

Ադրբեջանական սահմանից ոչ հեռու, առանց աշխատանք, անբարեկարգ, հիվանդությունների աճով Ազատամուտը շարունակում է գոյատևել, և եթե ազատամուտցիները ինչ-որ բան էին պահանջում, ապա դա աշխատանքն է: Անգամ Արսենը, ում համար տեղաշարժվելը հայրիկի պատրաստած հեծանվասայլակով առաջին տեղում պետք է լիներ, նույնպես աշխատանքի մասին էր մտահոգ, ոչ թե իր տեղաշարժվելու:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից