Իրավական 

Առաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

analitik.am

2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։ Այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար ՝ https://www.e-draft.am/projects/1862/about :

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանում  ատելության խոսքի տարածումը, այդ կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաև  անհանդուժողականության, խտրականության և բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը:

Նախագծով որդեգրված մոտեցումը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հանձնարարականների վրա: Մասնավորապես, Ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի և արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշման մեջ նշված է, որ անդամ պետությունները պետք է  պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ և հրապարակային հրահրման, ինչպես նաև միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երևույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության[1]:

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի  Եվրոպական հանձնաժողովի «ատելության խոսքի» դեմ պայքարի թիվ 15 հանձնարարականի համաձայն՝ «ատելության խոսքը» կարող է հանգեցնել այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման, թշնամանքի և խտրականության: Վերոնշյալ հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորման համար: Մասնավորապես, հանձնաժողովը խրախուսել է պետություններին քրեական պատասխանատվություն նախատեսել բռնության, ատելության կամ խտրականության հրապարակային հրահրման համար[2]:

Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր՝ Հայաստանին ուղղված 2017 թվականի հանձնարարականում խրախուսում է պետությանը իր քրեական օրենսգրքով նախատեսել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների (hate crime) համար պատասխանատվություն:[3]

Միևնույն տրամաբանությունն է ընդգծված «Ատելության խոսքի» վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի թիվ R (97) 20 հանձնարարականում, որի 2-րդ սկզբունքի համաձայն` անդամ պետությունների կառավարությունները պետք է ստեղծեն կամ պահպանեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում  կապահովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության  պաշտպանության միջև[4]։

Նախագծի նպատակն է համարժեք պայքար մղել ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումների դեմ: Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության գործիքն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության հրահրմանը առանձին անձանց կամ անձանց խմբի նկատմամբ: Ատելության խոսքի՝ բռնություն հրահրող դրսևորումները այս կամ այն տարբերակով քրեականացվել են մի շարք երկրներում՝ Կանադայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Բելգիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Լեհաստանու, Մոլդովայում և այլ երկրներում:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից