Իրավական 

Արդեն թվով 7-րդ գանգատն է ներկայացվել և այդ գանգատի առարկան է արդարադատություն իրականացնելուց հրաժարվելը․ Ալումյան

analitik.am

2019 թվականի հունիսի 27-ին մեր կողմից ներկայացվել էր միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու նրան կալանքից գրավով ազատելու մասին։ Օրենքում նշված է, որ նման միջնորդությունները քննվում են ստանալուց անմիջապես հետո։ Այսօր օգոստոսի 14-ն է, սակայն, խախտելով ներպետական օրենքի հստակ պահանջը՝ վարույթ իրականացնող մարմինը, որը տվյալ դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն է, մեր միջնորդությունը դեռևս չի քննել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ այդ կապացկությամբ դիմել են Եվրոպական դատարան․ «Արդեն թվով 7-րդ գանգատն է ներկայացվել և այդ գանգատի առարկան է արդարադատություն իրականացնելուց հրաժարվելը։ Բացի այդ, որոշել ենք պարբերաբար տեղեկացնել Եվրոպական դատարանին, որ գրավի վերաբերյալ միջնորդությունը չի քննվում»։

Ալումյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է, թե Դավիթ Գրիգորյանն այլևս չի կարող քննել այդ միջնորդությունը, որովհետև նրա գործունեությունը կասեցված է, իսկ ուրիշ դատավորի գործը դեռ մակագրված չի․ «Սա օրենքից և Եվրոպական կոնվեցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետից չբխող պատճառաբանություն է։ Հուսով ենք, շուտով Եվրապական դատարանից լսել իրենց տեսակետն այս իրավիճակի վերաբերյալ»։

Ալումյանի խոսքերով, այս ընթացքում ցանկանում էին բիրտ ուժով ՍԴ մի շարք դատավորներից ազատվել, իսկ հիմա այդ բիրտ ուժի հետ զուգընթաց փորձում են առաջարկել կոմպրոմիսային տարբերակ․ «Փորձում են ընդունել մի օրենք, որով շահագրգռեն ՍԴ դատավորներին ժամկետից շուտ լքել պաշտոնը։ Եթե սա արվեր պարոն Քոչարյանի գործի հետ չկապված, եթե սա արվեր ընդհանուր նպատակների համար դեռ կարելի էր քննարկել լավ մոտեցում էր, թե վատ։ Բայց այս դեպքում ակնհայտ երևում է, որ այդ օրենսդրական նախագիծն ուղղակիորեն նպատակ է հետապնդում պարոն Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ պարոն Քոչարյանի գործով ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն»։

Ալումյանը նշեց նաև, որ այս պահին գործը ՄԻԵԴ-ում և Վենետիկի հանձնաժողովում չէ․ «Դա թյուր կարծիք է։ Սահմանադրական գործի վարույթը կասեցված է։ Նրանք դիմել են այնտեղ, որպեսզի ստանան խորհրդատվական կարծիք։ Դա ստանալուց հետո ՍԴ-ն ինքը պետք է որոշում կայացնի, որովհետև հարցը քննարկվելու է Հայաստաանի սահմանադրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ։ Եվ այս ոտնձգություններն ուղղված են նրան, որ մինչև Եվրոպական դատարանից և Վենետիկի հանձնաժողովից համապատասխան կարծիքները գան և ՍԴ-ում վարույթը վերսկսի, ՍԴ-ն արդեն չունենա այն կազմը, որն ունի այսօր»։

Նույն շարքից