Իրավական 

Ուզում ենք հասարակությանը զգուշացնել այսպիսի զարգացումների ծայրահեղ վտանգավոր լինելու մասին․ Հայկ Ալումյան

Այն, ինչ կատարվում է ՍԴ-ի շուրջ, ոչ թե ընդհանուր նպատակներին ծառայեցնելու համար է արվում, այլ արվում է հատկապես պարոն Քոչարյանի գործով ինչ-որ նպատակների հասնելու համար։ Դրա մասին է վկայում ճնշումների դինամիկան։ Սկզբում ՍԴ-ի դիմաց, այսպես ասած, ժողովրդական ցասման մի տեսարան ստեղծեցին, մարդիկ եկան սկսեցին անպատիվ խոսքեր ասել և ՍԴ դատավորներին անգամ ֆիզիկապես ճնշել։ Հիմա նաև մի նախագիծ է շրջանառվում, որը ես հատկապես վտանգավոր կորակեի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, թե նախատեսված է, որ ՍԴ մասին սահմանադրական օրենքում տեղի ունենա մի փոփոխություն, ըստ որի, եթե ՍԴ դատավորը մեղադրվում է որևիցե հանցագործություն կատարելու մեջ, ապա նրա պաշտոնավարումը պետք է կասեցվի․ «Այսինքն, ստացվում է՝ հերիք է քննիչը մի որոշում կայացնի դատավորներից որևիցե մեկին մեղադրյալ ներգրավելու մասին, այդ դատավորի պաշտոնավարումը կասեցվելու է»։

Ըստ Ալումյանի, եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց ցանկացած քննիչ կարող է ՍԴ դատավորներից որևէ մեկին մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնել, և դատավորի գործունեությունը կկասեցվի․ «Մինչև ամիսներ կամ տարիներ հետո, արդեն դատարանում, գործի քննության ընթացքում կպարզվի, որ այդ դատավորն ընդհանրապես որևէ հանցագործության մեջ մեղավոր չի։ Ներողություն կխնդրեն, բայց այդ դատավորի գործունեությունն ամիսներ կամ տարիներ շարունակ կմնա կասեցված»։

Ալումյանը կարծիք հայտնեց, որ դա ամենակոպիտ միջամտությունը կլինի իշխանության գործադիր թևի կողմից դատական թևի գործունեությանը․ «Մենք ուզում ենք հասարակությանը զգուշացնել այսպիսի զարգացումների ծայրահեղ վտանգավոր լինելու մասին։ Թեև սա արվում է հատկապես պարոն Քոչարյանի գործի կապակցությամբ ազդեցություն ունենալու համար, սակայն հետագայում այս նույն տեխոնոլոգիաները կարող են օգտագործվել շատ դեպքերում։ Օրինակ, եթե ՍԴ-ն քննության առնի ընտրությունների հետ կապված որևէ վեճ։ Այսինքն հերիք է մեկ անգամ ՍԴ-ի նկատմամբ այս լծակը սկսի աշխատել, հետագայում սա կարող է աշխատել ցանկացած իրավիճակում, երբ դա անհրաժեշտ լինի գործադիր իշխանությանը»։

Ալումյանը շեշտեց, որ պետք է պատկերացնել, երբ որևիցե իշխող ուժ ցանկանա ազատվել ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներից, մի օրենք կնախաձեռնի և կընդունի, որով այդ ընդդիմադիր պատգամավորները կարող են իրենց մանդատները հանձնել և հետո ամբողջ կյանք ստանան իրենց աշխատավարձը․ «Բնականաբար, բոլորդ կհամարեք այդ օրենքը ոչ իրավական։ Այսինքն, սա կլինի ընդդիմադիր ուժից ազատվելու իբրև թե քաղաքակիրթ մի ճանապարհ»։

Ալումյանի խոսքերով, եթե ուզում ենք ունենալ իրավական պետություն, գործադիրն ու օրենսդիրը պետք է ընդհանրապես իրենց հեռու պահեն դատական իշխանության գործերին միջամտելուց․ «Եվ այդ իրավական պետություն չունենալն անդրադառնալու է ոչ միայն պարոն Քոչարյանի գործի, այլ յուրաքանչյուրի ճակատագրի վրա»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից