Իրավական 

Արցախի զինված ուժերից ո՛չ մի ստորաբաժանում, ո՛չ մի զինվոր Հայաստան չի մտել այդ օրերին․ Ալումյան

analitik.am

Ես չեմ կարող ասել այն, ինչը խոսվել է դռնփակ դատավարական նիստի ժամանակ։ Կարող եմ ասել մի նախադասություն, որը հնչել է մինչ դատավարական նիստը դռնփակ ռեժիմ անցնելը՝ Արցախի զինված ուժերից ոչ մի ստորաբաժանում, ոչ մի զինվոր Հայաստան չի մտել այդ օրերին։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով վերջերս BBC-ի կողմից հրապարակված հոդվածի մասին՝ նշելով, որ հերթական անգամ ի վնաս Ռոբերտ Քոչարյանի ակտիվորեն օգտագործվում է զգացմունքային դաշտը՝ ամեն ինչ բերել զգացմունքային ոլորտ և այնտեղ ինչ-որ հաջողության հասնել, որովհետև իրավական ոլորտում ձախողել են։

Ալումյանը նշեց, որ առաջին անգամ, երբ սկսվեց հրապարակային դատավարությունը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը խնդրեց, որպեսզի դատավարության մի հատված իրականացվի դռնփակ ռեժիմում․ «Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը։ Պետք է քննարկվեին մեր փաստարկները՝ կապված Արցախից իբրև թե զորք բերած լինելու հետ։ Մենք պիտի ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնային»։

Ալումյանի խոսքերով,  դռնփակ նիստի ժամանակ ներկայացրել են փաստարկները, և դատախազությունը դրանց հետ համաձայնել է․ «Երբ մենք դրանք ներկայացրեցինք, դատախազության մոտ փաստարկ չկար։ Ուղղակի հիմա այդ հարցին հրապարակայնորեն, մանրամասն չեմ կարող պատասխանել։ Իսկ կիսատ պատասխանը սպեկուլյացիաների համար ավելի շատ տեղի կտա, և ամեն մեկը կփորձի իր ձևով մեկնաբանել։ Ամբողջն ասել մենք չենք կարող, դա դռնփակ նիստում խոսելու թեմա է, սակայն նորից կշեշտեմ, որ դատախազությունը ոչինչ չուներ ասելու մեր այդ փաստարկին»։

Ալումյանի խոսքերով, լինի դա դատախազությունը, թե՝ հատուկ քննչական ծառայությունը կամ այդ կառույցներից մեկը, չունենալով իրականում փաստարկ այս հարցի հետ կապված, որը կարող է ինքն իր անունից հրապարակել, դիմել է այսպիսի մեթոդների՝ հեռուստաընկերությանը տվել է ինչ-որ նյութեր, որը հավանաբար հնարավորություն է տվել այդ ընկերությանը կամայական մեկնաբանություններ անելով ռեպորտաժ հրամցնել հանրությանը։

Նույն շարքից