Իրավական 

Մարտի 1-ի ժամանակ հայտնի դրվագը բեմադրած մարդիկ հիմա նույնն են անում, ուղղակի՝ ավելի մեծ մասշտաբներով. Ալումյան

analitik.am

Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտարարել էր, թե գործի նյութերում չկան փաստող հանգամանքներ, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ նախագահականում ինչ-որ խումբ է եղել, որի հրմանատարը եղել է Սամվել Կարապետյանը, ինչի մասին գրել է BBC-ն:

Սեդա Սաֆարյանն իր հերթին պնդում է, որ կան վերոնշյալը հաստատող ցուցմունքներ՝ որ եղել է կրակելու հրաման ու նախագահներն այցելել են այդ խմբին:

Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, խոսելով այս թեմայի մասին, հայտարարեց, որ Քոչարյանի վերաբերյալ բոլոր նյութերն իրենց տրամադրության տակ են. «Այդ նյութերը չեն տալիս որևէ հիմք ասելու, թե Սամվել Կարապետյանը ու նրա հետ եղած մարդիկ տեղակայվել են նախագահականի որևէ հատվածում: Քրեական գործի նյութերում այդպիսի տվյալներ չկան, հիմքեր չկան նման հետևություն անելու համար»:

Ալումյանի խոսքերով, չկա գործի նյութերում վկայություն այն մասին, որ Կարապետյանի կողմից կրակելու հրաման է եղել. «Եթե լիներ, պարոն Կարապետյանին պետք է մեղադրանք առաջադրված լիներ: Խնդիրն այն է, որ իրենք այդպես էլ չեն ուզում կամ չեն կարողանում սկզբից մինչև վերջ բացահայտել գոնե մեկ սպանության հանգամանք, բայց ուզում են տպավորություն ստեղծել, թե մահերից առնվազն 8-ը՝ քաղաքացիական անձանց, տեղի են ունեցել կառավարական ուժերի կրակոցի հետևանքով: Ուզում են այդպիսի տպավորություն ստեղծել: Բացի Չերյոմուխայի կրակոցից զոհվածից, մնացած որևէ զոհի դեպքում հաստատված չէ, որ սպանությունը տեղի է ունեցել այս կողմի կրակոցի արդյունքում: Այդպիսի բան չկա քրեական գործի մեջ: Տեսաք, մի հոգու սպանության հանգամանքներն իբր բացահայտվել էին, սակայն պարզվեց, որ դա հերթական ֆեյքն է»:

Փաստաբանը հիշեցրեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ հայտնի կնոջ մասին, ով թափահարելով երեխայի կոշիկ, հայտարարում էր, թե ոստիկանները 5 տարեկան երեխայի են սպանել. «Այն մարդիկ, ովքեր դա բեմադրել են, հիմա էլ կան, հիմա էլ բեմադրություններ են պատրաստում ու իրականացնում՝ ուղղակի ավելի մեծ մասշտաբներով»:

Նույն շարքից