Հասարակություն 

Նիկոլից հետո Փաշինյանից առաջ. Սահմանամերձ գյուղերում ոռոգման ջուր չկա

Վրաստանի սահմանից ոչ հեռու՝ Բագրատաշեն, Պտղավան, Դեբեդավան, Դեղձավան գյուղերում ոռոգման ջրի խնդիր կա, խնդրին դեռևս 2015 թ-ին անդրադարձել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Բագրատաշենի չորացած խաղողի վազերը և բարձրաձայնելով Այրումի ՀԷԿ-ի և տարածքի բնակիչների ոռոգման ջրի խնդիրը:

ՀԷԿ-ը կառուցվել է խորհրդային շրջանում, իսկ այժմ այն տնօրինում է մասնավոր անձ և երբ ՀԷԿ-ը ջուր կտա հարակից գյուղերին`ՀԷԿ-ի մենաշնորհն է. ահա այս մասին էր գրել տակավին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այս իրողությունից տարիներ անց, Բագրաատշեն, Պտղավան և հարակից գյուղերում նույն վիճակն է. ՀԷԿ-ը ջուրն օգտագործում է իր կարիքների համար և ոռոգման ջուր է տալիս, ըստ ցանկության, սակայն այս խնդրին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում չէ: Ինչևէ:

Հենց Բագրատաշենի բնակիչները, որոնք կես քայլի վրա են Վրաստանի սահմանից, որից այն կողմ Մառնեուլի շրջանն է բնակեցված ադրբեջանցիներով՝ առևտուր են անում. գնում են Վրաստանում ադրբեջանցու ձեռքերով աճեցրած բանջարեղեն և վերավաճառում սահմանից արդեն այս կողմ՝ ջրառատ գետով, անջուր այգիներով գոյատևող Բագրատաշենում:

Տիկին Անահիտը Բագրատաշենի կենտրոնում բանջարեղենի փոքրիկ կրպակ ունի, արդեն հոգնել է լրագրողներից, քանի որ գալիս են գյուղ, առաջինը հենց ինքն է կենտրոնում և ինքնաբերաբար դառնում է ռեպորտաժի հերոսուհի, ու այս անգամ մեր հերոսուհին չցանկացավ դառնալ, հարազատներն ասում են, որ էկրաններից չի իջնում, էլ հերիք է:

Թեև չցանկացավ խոսել, սակայն Analitik.am-ի հետ զրույցում ասաց, որ այգիներում ջուր չկա, բանջարեղեն չեն կարողանում աճեցնել և գնում սահմանից այն կողմ ներկրում են բանջարեղեն. կաղամբ, սոխ:

Դեբեդը հոսում է դեպի Վրաստանի ադրբեջանցիների այգիները, իսկ սահմանից այս կողմ ՀԷԿ-ն է և նաև Նահատակի պոչամբարի պոչերը:

Ի դեպ, ժամանակին պետական ՀԷԿ-ն անհասկանալի կերպով մասնավորեցվել է և, ըստ որոշ լուրերի, սեփականատերը «ատոմնիի շեֆն ա»:

Պտղավանի ֆերմերը Սպարտակ Զախարյանը Պտղավանում 1 հա-ի վրա այգի է հիմնել՝ դեղձի, խնձորի, տանձի արմատակալներով, ներդրել է շուրջ 50 հազար դոլար, որի 10 մլն-ը վարկային միջոցներ: Վերջինս գտնում է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը ռիսկային չէ, սակայն պետք են Միչուրինի, Անտոնովի ստեղծած մրգատու ծառերի սորտերը փոխվեն ժամանակակից սորտերով և գյուղատնտեսությունը կդառնա բիզնես և եկամուտ կբերի, իսկ հին սորտերի համային հատկանիշները թեև բարձր են, սակայն բիզնեսի առարկա արեն չեն:

«Իտալիայից բերել ենք ժամանակակից արմատակալներ, եթե վերցնում են, ապա 2-3 տարուց բերք է տալիս, մինչև 10 տոննա: Արմատակաները նոյեմբերից մինչև ապրիլի վերջ վաճառում ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ նոր ծառատեսակները գեղեցիկ են, դիմացկուն, իսկ պտուղը կարող է հասած վիճակում շուրջ մեկ ամիս ծառի վրա մնալ և չփչանալ, շուկայում իրենց գինը միշտ ունեն:

Այն ֆերմերները, ովքեր հիասթափվել են գյուղատնտեսությամբ զբաղվելուց Սպարտակ Զախարյանը խորհուրդ է տալիս ունենալ ինտենսիվ ագիներ, կաթիլային ոռոգում, ներդնել նոր տեխնոլոգիաներ և հաջողությունն ապահովված է: Եվ եթե ամեն ինչ ունես տարածաշրջանի համայնքներում, ապա խնդիրը ոռոգումն է:

«Ջուրը չի հերիքում, ջերմաստիճանն ամռանը հասնում է 35-40 աստիճանի, ոռոգման համար հերթեր են գյուղերում, մի հերթից մյուսը 15 օր է տևում, այդ դեպքում ծառից ոնց պահանջես նորմալ պտուղ: Ջուրն է ամենակարևորը, ծառը կենդանի օրգանիզմ է, ջուր է ուզում»,- ասաց նա:

Բացի ջրի սակավությանը, կա նաև Ախթալայի, Թեղուտի, նաև Ալավերդու հանքարդյունաբերական գործոնը, հատկապես Ախթալայի Նահատակի պոչամբարի պոչերը գետով հայտնվում են Տավուշի սահմանամերձ գյուղերի այգիներում և քանի որ ծանր մետաղներով է այն «օծված», ապա կարելի է պատկերացնել, թե բերքի որակի հետ ինչ է կատարվում:

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության առաջարկով Տավուշի մարզի Դեբեդավան, Պտղավան, Արճիս, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Բերդավան, Հաղթանակ, Բագրատաշեն և Այրում համայնքներն ընդգրկել է պետբյուջեից 2017 թ.-ին բնապահպանական սուբվենցիաներ ստացող համայնքների ցուցակում: Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ այդ համայնքերը ոռոգվում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանից, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատից և «Թեղուտ» ՓԲԸ-ի Թեղուտի հանքավայրից արտադրական պոչանքներով աղտոտվող Դեբեդի ջրով:

Բնապահպանության և ընդերքի տեսչությունը դեռևս անցած տարի էր Դեբետ գետում հայտնաբերել ծանր մետաղներ և խոստացել էին, որ մեղավորները պատժվելու են: Խոստումը մնացել է թղթի վրա, անգամ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մոռացել, որ ժամանակին հենց ինքն էր բարձրաձայնել հայ-վրացա-ադրբեջանական սահմանին բնակվողների ոռոգման ջրի խնդիրը. խնդիրը շարունակում է մնալ խնդիր, թեև ոմանց ստատուսը փոխվել է, սահմանային գյուղերում որևէ փոփոխություն չկա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից