Հասարակություն 

Ովքեր ձեռք են տվել հիվանդ կենդանուն՝ հիվանդացել են. համայնքի ղեկավար

analitik.am

Այսօր առողջապահության նախարարությունը սիբիրյան խոց հիվանդության վերաբերյալ տեղեկություն էր հրապարակել: Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էին դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով. սիբիրյան խոցի մաշկային ձև:

Հայտնաբերվել է ևս 6 դեպք:

Ստուգումների արդյունքում հաստատվել է 5 դեպք:

Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ համայքնում մեկ երինջի մոտ է արձանագրվել սիբիրյան խոց:

Ըստ նրա, հարևաններով մորթել են երինջը և նրանք, ովքեր ձեռք են տվել. մորթել են, քերթել, միսը կտրատել, նրանց մոտ ի հայտ են եկել խոցոտված վերքեր, հիվանդները տղամարդիկ են․ «Մեզ մոտ այդ հիվանդությունն ընդհանրապես չի եղել, թե ոնց է եկել, չգիտենք: Էդ երինջը նախիր էլ չէր գնում, հայաթում էին պահում, տեսել են խեղճացել է անասունը՝ մորթել են»,-ասաց Պողոսյանը:

Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ հավաքել են մսի մնացած մասը, որ բաժանել էին հարևան-ծանոթներին և հորել են 2 մետր խորության վրա:

Նշենք, որ Գեղհովիտը Վարդենյաց լեռնանցքի հարևանությամբ է և կից անցնում է Եղեգանձոր Մարտունի ճանապարհը, որը նաև մեծաքանակ կենդանիներ ամառային արոտավայրեր տեղափոխելու ուղի:

Նշենք, որ նախնական սիբիրախտով վարաված է եղել միայն մեկ երինջ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Analitik.am-ին տեղեկացրեցին, որ տեսչական մարմինն աշխատում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և երեկ ահազանգ է ստացվել, որ նրանք մի քանի մարդկանց մոտ ախտորոշել են սիբիրախտ հիվանդությունը:

Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների կողմից կենդանին հայտնաբերվել է, նմուշառում է կատարվել և ուղարկվել է լաբորատոր փորձաքննության:

Նախնական մանրադիտարկումով նշվել է սիբիրախտի պատկեր, բայց քանի որ մանրադիտարկումը չի հանդիսանում վերջնական ախտորոշիչ եղանակ, շարունակվում է լաբորատոր հետազոտությունները:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ սիբիրախտի բռնկում եղավ Գեղարքունիքի մարզում, դեպքեր գրանցվեցին նաև Իջևանում:

Այժմ, ըստ միջազգային մամուլի, նաև Ադրբեջանում սիբիրախտի դեպքեր կան:

Նշենք, որ սիբիրախտը կամ սիբիրյան խոցը կենդանիների և մարդու սուր վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը սիբիրախտի ցուպիկն է։ Սպորները քիմիական և ֆիզիկական ազդակների նկատմամբ խիստ դիմացկուն են, հողում կենսունակ են մնում երկար տարիներ, դիմանում են մինչև մեկ ժամ եռացնելուն։ Վտանգավոր է հատկապես հիվանդ կենդանու դիակը, որը, ինչպես նաև վարակված հողը, ջուրը, կերերը վարակի փոխանցման, իսկ վայրի կենդանիները, արյունածուծ միջատները՝ տարածման աղբյուր են։

Սիբիրախտ կասկածելու դեպքում արգելվում է դիահերձումը։

Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներ խնամելիս, հարկադրական մորթի և մսեղիքը կտրտելու ժամանակ և վարակակիր հումքի (մաշկ, մորթի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ եւ այլն) հետ շփվելիս։ Խիստ հազվադեպ են հիվանդ մարդուց վարակվելու դեպքերը։ Սիբիրախտի գաղտնի շրջանը մի քանի ժամից մինչեւ ութ օր է։ Տարբերում են սիբիրախտի կլինիկական 4 ձև՝ մաշկային, աղիքային, թոքային և սեպտիկ։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից