Հասարակություն գլխավոր 

«Գիշերօթիկի երեխաների մեծ մասը կարող են դառնալ մուրացկաններ». Զառա Բաթոյանը, առուն չթռած, ասաց` ՀՈՊ

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել էր. «Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն ունենալու տեսլականին։ Այս նպատակին հասնելու համար մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ երեխաներին ընտանիք վերադարձնելու համար, զարգացնում ենք խնամատար ընտանիքի ինստիտուտը, բարելավում ենք որդեգրման համակարգը և ստեղծում ենք ճգնաժամային կենտրոններ, խիստ անհրաժեշտության դեպքում երեխաների խնամքն ապահովելու համար։ Այլ ճանապարհ չկա։ Համակերպվե՛ք». ահա այսպես. կարճ և քաղաքավարի:

Նախարարի գրառման մեջ քիչ թե շատ հաստատուն է այն, որ հատուկ հաստատությունները փակվելու են, իսկ մնացածը հենված է թեականի վրա. խնամատար ընտանիքի ինստիտուտը զարգացած չէ, որդեգրման համակարգը սահուն չէ, դեռևս ստեղծում են ճգնաժամային կենտրոններ: ԿԻարճ ասած, հաստատ է այն, որ ոչինչ հաստատ չէ:

Նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները:

 

Իսկ ի՞նչ է լինելու, շուրջ 250-300 երեխայի հետ:

 

Analitik.am-ի հետ զրույցում «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերիքնազ Ուլիխանյանը նշեց, որ իրենց կենտրոնում 77 երեխա կա, վերջերս կատարվել է այդ երեխաների ընտանիքների կարիքային գնահատում, նաև քննարկվել է, թե այդ ընտանիքներին ինչ օգնություն տրամադրեն և եթե այլ տարբերակ չլինի`երեխային կտեղավորեն ՍՕՍ մանկատանը կամ խնամատար ընտանիքներում: «Եթե երեխան ՍՕՍ գյուղում կամ խնամատար ընտանիքում պետք է մեծանա, ապա գիշերօթիկում գտնվելով՝ երեխան ավելի մոտ է իր կենսաբանական ընտանիքին. ամբողջ խառնաշփոթը դրանում է»,- ասաց նա:

Նաև հիշեցրեց, որ 3 տարի առաջ, երբ կատարվեց գիշերօթիկների բեռնաթափում, Վոռլդ Վիժն ընկերությունը այդ ընտանիքներին տրամադրեց կամ կարի մեքենա, կամ կով, կամ եռակցման ապարատ, սակայն ի վերջո, տուն վերադարձած երեխաները կրկին գնացին գիշերօթիկ կամ դուրս մնացին կրթական համակարգից, իսկ ընտանիքներին տրամադրված օգնությունը հիմնականում վաճառվեց: «Մեր մտավախությունն այն է, որ այդ երեխաների մեծ մասը կդառնան մուրացկաններ: Ես դեմ չեմ, գուցե գիշերօթիկը սխալ է եղել, սակայն ընդունել ենք առաջին դասարան և հասցրել 12-րդ դասարանը, ու կարելի է համակարգում շտկումներ կատարել, ուղղել: Կարելի է նաև, նախ օգնել այդ ընտանիքներին, ոտքի կանգնեցնել, հետո երեխային տանել ընտանիք»,- ասաց Հ. Ուլիխանյանը:

Նրա մտահոգությունն այն է, որ ձմեռ է գալիս և այդ ընտանիքներն ունեն ջեռուցման խնդիր, ընտանիքներ կան, որ անգամ բաղնիք չունեն և թե ինչպես են օգնելու այդ ընտանքիներին, տիկին Ուլիխանյանը չի կարողանում պատկերացնել. այսօրվա դրությամբ որևէ ընտանիքի որևէ օգնություն չի ստացել: «Երեխան այստեղ լողանում է, ուսում է ստանում, ապահովված է սննդով, հոգատար ձեռքերում է»,- շեշտեց Հերիքնազ Ուլիխանյանը՝ հավելելով, որ արձակուրդներին մոտ բնակվող երեխաները գնում են տուն և ամենակարևորը՝ կրթությունից դուրս չեն մնում:

Բացի 77 երեխայից, ըստ Հ. Ուլիխանյանի, կենտրոնում ունեն 70 աշխատակից, որոնց առաջարկել են «վերածվել» խնամատար ընտանիքների. այս առաջարկը դժվար իրականանալի է, քանի որ ոչ բոլորը ունեն համպատասխան պայմաններ, որպեսզի խնամատար ընտանիքի կարգավիճակ ունենան, նաև կան հարակից այլ խնդիրներ: «Գիշեօթիկները փակելը դեռ շուտ է»,- շեշտեց նա:

Թեև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հորդորել են ձեռնպահ մնալ երեխաներին գիշերօթիկներ տանելուց, սակայն եթե երեխաներին տանեն, կդիմեն նախարարություն`կսպասեն ցուցումներ: Այս պահին հնարավորություն չունեն, քանի որ պետք էր հայտ ներակայացնել գնումների համար, որեպսզի երեխաները ապահովված լինեն հագուստով, սննդով, որը նախարարության «ձեռնպահ մնացեքի» շրջանակներում`ձեռնպահ են մնացել:

Գոհար Ստեփանյան

 

 

Նույն շարքից