Իրավական 

Վճռաբեկ բողոք է ներկայացվել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու, փոփոխելու և նրան արդարացնելու վերաբերյալ

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դվաթյաը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի դատավճռով Ս.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի,  2008թ. փետրվարի 24-ին հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ, ինչպես նաև՝ չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով: Այս արարքների համար Սմբատ Այվազյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և 2 տարի ժամկետով ազատազրկման։

Նշված դատավճիռը Ս.Այվազյանի և նրա պաշտպանների կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն 2009թ. հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ դատավճիռը թողնելով անփոփոխ։ Չնայած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. հունիսի 15-ին պաշտպանների բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ (Ս.Այվազյանը 2014 թվականին մահացել է):

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին առնչվող այն քրեական գործերն ու դրանցով կայացված դատավճիռները, որոնցով դատապարտված անձանց իրավունքների խախտում է արձանագրվել, կամ ի հայտ են եկել նման հնարավոր խախտումների վերաբերյալ նոր փաստական տվյալներ: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Ս. Այվազյանին առնչվող վերոնշյալ գործը, որի արդյունքում պարզվել է, որ գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես՝ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի  քննության իրավունքը: Ս. Այվազյանի մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ, բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես վիճարկվող իրադարձություններում ակտիվ դեր ունեցած ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:

Մինչդեռ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, վկայակոչելով նաև Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով կայացված իր որոշումները, իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, որոնք, ավելին, հիմնված են եղել հակասական ապացույցների վրա, չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին և ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում։ Կարելի է ասել, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին (տե՛ս mutatis mutandis, «Կասպարովը և այլք»՝ վերեւում հիշատակված, § 66)։»:

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝  Սմբատ Այվազյանի վերաբերյալ  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 19-ին կայացված և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու և փոփոխելու պահանջով:

Նույն շարքից