Հասարակություն 

Փոքր ՀԷԿ-երն էլ են ջրի համար «լաց լինում»

Analitik.am-ը զրուցել է ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանի հետ։

ՀԷԿ-երի գոյությունը Հայաստանում միանշանակ չէ. հիմնականում մեղադրում են, որ ոռոգման ջուրն են օգտագործում, էկոթողքը չեն ապահովում, ձկնանցարաններ չունեն: Ինչպե՞ս եք փրկելու ՓՀԷԿ-երի դեմքը:

Ոչ թե միտում կա ՓՀԷԿ-երի դեմքը փրկելու, այլ միտում կա նվազագույնի հասցնել այն բացասական երևույթները, որոնք միտված են բացասական արձագանք ստեղծելու ՀԷԿ-երի ընդհանուր ոլոտի վրա: Վերականգնվող էներգետիկայի մաս կազմող ՀԷԿ-երը չեն կարող վատ հետք թողնել, այլ բան է, որ ժամանակի ընթացքում այդ թվում ոչ կոմպետենտ պատկան մարմինների և հանրության շրջանում անբարեխիղճ դերակատարների «շնորհիվ» ՀԷԿ-երը ոչ դրական համբավ են ձեռք բերել: ՀԷԿ-երը մաքուր էներգիա են արտադրում և մեր խնդիրը ոչ թե իրենց դեմքը փրկելն է, այլ այն երևույթների բացառումն է, որոնք հանգեցնում են այդ բարի համբավի արատավորմանը:

ՀԷԿ-երը որոշակի խնդիրրներ ունեն, փակվող ՀԷԿ-եր կա՞ն:

Ասեմ, որ Հայաստանում գործում է 186 փոքր ՀԷԿ: 2018 թ-ին 2 փոքր ՀԷԿ դադարել է գործել: Այս տարի ևս 4 փոքր ՀԷԿ-ի հետ կապված խնդիր կա: Ոմանք ներքին կառուցվածքային խնդիրներ ունեն, ոմանք անհիմն տույժ ու տուգանքների են ենթարկված:

186 ՀԷԿ-երից մեծ մասն իր գործունեությունը սկսել է գերմանական KFW բանկի ֆինանսավորման հիման վրա, այսինքն՝ միջոցների մեծ մասը դեռևս պատկանում է այդ միջազգային ֆինանսական ռեսուրսին: Իսկ եթե այդ հիդրոկայանները չկարողացան մարել իրենց բանկային պարտավորությունները, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կառարեսվի անցանկալի խնդիրների: Իսկ այդ տնտեսվարողների հիմնական դժվարությունները կապված են ջրերի բացակայության և այն ընդհանուր փոփոխությունների հետ, որոնք հատկապես վերջին շրջանում իրականացվում են և իրենց բնույթով, ըստ էության, հակասում են գործող պահանջներին:

Օրեր առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացված և արդյունքում ընդունված այն փոփոխություններն են, որոնցով փաստացի մեծ տուգանքներ են սահմանվում բոլոր ջրօգտագործողներից միայն փոքր ՀԷԿ-երի նկատմամբ՝ 64 մլն դրամ: Սա, ըստ էության, հստակ քաղաքականություն է՝ ուղղված հենց փոքր ՀԷԿ-երի դեմ: Եվ սա միակ դեպքը չէ: Նախկին իշխանությունների ժամանակ էլ էր 2017 թվականին ընդունվել էկոթողքի սահմանաչափերը փոխելու վերաբերյալ որոշում, որը կտրուկ հարցականի տակ էր դնում տնտեսվարողի շահերը:

Ինչո՞ւ

Օրինակ, ներդրողներն իրենց բիզնեսը կազմակերպելու ժամանակ իրենց հաշվարկները կատարում են տվյալ դեպքում գործող օրենսդրությանը և օրենքներին համահունչ: Իսկ օրենքը հետին ուժ չունի, երբ տեխնիկատնտեսական հիմնավորումները կատարվում էին, հաշվի էին առնում բյուջեն, ֆինանսավորումը, գործունեության հիմնադրույթները, իսկ այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է փոխել էկոթողքի սահմանաչափերն այդ թվում նաև նրանցից, որոնք ապահովված են օրենքի ուժով:

Փոքր ՀԷԿ-երի առնչությամբ առանց հանրային բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության և փորձագիտական ներգրավվածության և հաշվարկների փոփոխություններ են կատարվել: Եթե համեմատենք Վրաստանի փորձին, մենք փոխանակ առաջընթաց ապահովենք՝ հետընթաց է գրանցում: Եթե Վրաստանում տարեկան միջինը 50 փոքր ՀԷԿ է կառուցվում, ապա այսօր Հայաստանում ՀԷԿ-եր են փակվում:

Ինչո՞ւ կառավարությունը նման որոշում կայացրեց, գուցե ՀԷԿ-երի կողմից էկոթողքի ոչ պատշաճ պահպանման մասին խոսակցություններն էին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարությունն անհասկանալի որոշում կայացրեց, երբ որևէ հանրային լսում չէր իրականացվել, շահագրգիռ կողմերը չէին ներգրավվել այդ պրոցեսում: Ավելին, որոշումն իմեպրատիվ նշանակություն ուներ, պետք է բոլորը պարտադիր անցնեին: Այն հակասում է գործող օրենսդրությանը, ինչը և օրեր առաջ ընդունված լրացուցիչ ջրօգտագործման մասին աստղաբաշխական՝ 64 մլն դրամ սահմանված տուգանքի չափը: Այո, ապօրինի ջրօգտագործման և ջրագողության դեմ միանշանակ ամենայն խստությամբ պետք է պայքարել, սակայն ՀԷԿ-երին կանգնացրել են փաստի առջև և սա արդեն ազգային անվտանգության հիմնախնդիր է՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:

Մեզ մոտ 1990-ականներին նախատեսված էր 374 ՀԷԿ-երի կառուցում, ինչը հստակ հաշվարկվել էր: Ուղղակի պետք է ճիշտ կառավարման մոդել ընտրել:

Տեղյակ եք, քանի՞ ՀԷԿ է անցել Մաքուր զարգացման մեխանիզմների ծրագրով

Ինչքան տեղյակ եմ, մոտ 40 ՓՀԷԿ-երի ցանկ է ներկայացվել Կիոտոյի համաձայնագրի ներքո ֆինանսավորվելու համար: Ես հարցում եմ արել միայն Ջրաձոր ՀԷԿ-ն է ՄԶՄ դրամաշնորհ ստացել, իսկ թե քանի ՀԷԿ է բացի Ջրաձորի ՀԷԿ-ից ստացել, չգիտեմ:

Վերադառնանք էկոթողքին և ջրի խնդիրներին:

Այնպես չէ, որ մեր երկիրը ջրի պակասություն ունի: Տարեկան 10 մլրդ խմ ջուր ունեցող երկիրը 2,5 մլրդ ջուր ենք օգտագործում և ասում ենք ջուր չկա: Միգուցե մենք խնդիր ունենք գետերի վրա չափից շատ փոքր ՀԷԿ-եր կառուցելու առումով, սակայն կան  այնպիսի գետեր, որոնց կարողությունները կարելի էր օպտիմալ օգտագործել:  Պետք է պարզապես սահմանվեն այն նորմատիվները, որոնք պետք է պահպանվեն: Ջրօգտագործման թույլտվությունները տրամադրում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, մենք բազում օրինակներ ունենք, որտեղ հստակ ֆիքսված է, որ տարեկան կտրվածքով պետք է իքս քանակով ջուր ստանան, սակայն չեն ստանում: Փոխարենը տեսնում ենք, թե ինչպես են միտումնավոր քողարկվում փոքր ՀԷԿ-երի խնդիրները՝ ամեն կերպ փորձելով  թիրախավորել  և հեղինակազրկել ոլորտը:

Փաստը մնում է  փաստ, որ ՀԷԿ-երի շուրջ դժգոհություններ կան

Չեմ հերքում: Խոսենք Եղեգիս գետի օրինակով: Այսօր այդ գետի ջուրը տրվում է  Սևանա լճին, փոխարենը Սևան տանեն Սպանդարյան ջրամբարի ջուր, որը հենց այդ նպատակով է կառուցված, իսկ այս ջրամաբարից ջուր չի գալիս: Ենթադրություն կա, որ թունելները փոքր են կառուցել և չի կարող մեծ ջրաքանակ տեղափոխել: Փոխարենը Սևան է տարվում Եղեգիս գետի ջուրը և գետում այսօր էլ սահմանվածից քիչ ջրաքանակ է, սակայն բոլորը խոսում են, որ Եղեգիսում ջուր չկա, այո ջուրը քիչ է, իսկ ով է մեղավոր դրա համար: Ես գտնում եմ, որ ոչ ՀԷԿ-երը, ՀԷԿ-եր կան, որ Եղեգիսի վրա աշխատում են տարվա մեջ 5 ամիս, որովհետև ջուր չկա:

Դուք ինչ-որ ենթադրություն ունեք, թե ինչո՞ւ Սպանդարյան ջրամբարից ջուր չի գնում Սևանա լիճ

Ես հարցումներ եմ արել: Ջրային պետական կոմիետից ինձ պատասխանել են, որ նպատակահարմար չի, շահավետ չի կամ էլ բանավոր, որ Որոտան կասկադն ամերիկացիներինն է, իրավունք չունենք ջուր վերցնելու Սպանդարյան ջրամբարից, բայց ջուրը մեր սեփականությունն է և պայմանագրում նման կետեր չկան, որ Սպանդարյանից մենք ջուր չվերցնենք: Ես վստահ եմ, պատճառը թունելներն են, որ փոքր են կառուցել:

Սևանին ջուր ապահովելու համար պետությունը 26 մլրդ դրամ է  ծախսել, սակայն այսօր հասկանում ենք, որ այդ գումարները փոշիացել են, եթե Սպանդարյանից չպետք է ջուր վերցնեիք, այդ 26 մլրդ կարելի էր ավելի նպատակային ծախսել՝ դպրոցներ կառուցել, բանակն ամրապնդել. այդքան միջոցներ փոշիացվել են և պատասխան տվող չկա՞: Այս ամենը պետք է ընթացք ստանա: Այս ամենի հետևանքով ՀԷԿ-երը տուժում են, տնտեսվարողներին ճնշում են, որոնք հարկային և վարկային բեռի տակ են և որևէ խթանող մեխանիզմներ չկան. դա է ցավը:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից