Հասարակություն 

Տեղյա՞կ են, մեր իրավապահ մարմինները, թե ինչ է կատարվում Շրջակա միջավայրի նախարարությունում

analitik.am

2010 թ․-ին Մեքսիկայում «Մաքուր զարգացման մեխանիզմ» մրցութային ծրագրի համար Հայաստանը ճանաչվել է աշխարհի երեք լավագույն երկրներից մեկը:

Այս մասին ժամանակին հայտնել էր Շրջակա միջավայրի փոխնախարար Սիմոն Պապյանը։ Նշենք, որ ՄԶՄ-ի նպատակն է ջերմոցային գազերի կրճատումը՝ սկզբում զարգացած երկրների, հետո նաև զարգացող երկրների կողմից՝ կամավորության սկզբունքով:

Ինչու է պետք կրճատել ջերմոցային գազերը, աշխարհը պնդում է, որ մարդկությունն ի վիճակ է ազդել բնության վրա, այն է՝ կլիմայի փոփոխությունը պայմանավորված է հենց մարդու գործոնով՝ արտանետումներով, որոնք ազդում են մոլորակի ջերմաստիճանի աճի վրա, բացի այդ արդյունաբերությունը ջերմոցային գազերի միջոցով ստեղծել է ջերմոցային էֆեկտ, որն ազդել է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, ջերմաստիճանի վրա:

Զարգացած երկրները պարտավորություն են վերցրել կրճատելու ջերմոցային գազերը, իսկ Կիոտոյի արձանագրությունը շրջանառության մեջ է դրել մաքուր զարգացման մեխանիզմներ տերմինը, որը գործիք է հանդիսացել ֆինանսներ տրամադրել զարգացող երկրներին՝ այլ, քան գազից էլեկտրոէներգիա ստանալու համար և ինչքան շատ ստանան, այնքան շատ են ֆինանսները՝ հատկապես այն անհատներին, ովքեր զբաղված են Մաքուր զարգացման մեխանիզմները տեղայնացնելով:

Մինչև գանք անուններին, ներկայացնենք, թե ինչեր են կատարվել կամ չեն կատարվել Մաքուր զարգացման մեխանիզմների անվան տակ:

Շրջակա միջավայրի նախարարությունը հանդիսանում է ՄԶՄ լիազոր ազգային մարմին, այն է՝ պատասխանատու է քաղաքականության և իրականացվող ծրագրերի համար:

Ծրագրերը հիմնականում վերաբերում են փոքր ՀԷԿ-երին, աղբավայրերին, կեսնագազի արտադրությանը և այլն: ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Մաքուր զարգացման մեխանիզմով խրախուսվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը` որպես մաքուր էլ-էներգիայի արտադրություն:

Սակայն Հայաստանում ՄԶՄ սխեմայով ոչ մի փոքր ՀԷԿ չի կառուցվել: Այս մասին հայտնել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը 2015 թ․-ին:

Ներկայումս Հայաստանում գործադիր խորհրդի կողմից 5 նախագիծ է գրանցված, 6 նախագիծ հաստատված է նախարարության կողմից, 3 նախագիծ հավանության է արժանացել: Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը 2011 թ․-ին:

Այդ ինչպե՞ս է պատահում, որ տարբեր պաշտոնյաներ տարբեր հայտարարություններ են անում, հատկապես Արամ Գաբրիելյանը շեշտում է, որ Կիոտոյի արձանագրության տակ ոչ մի ՓՀԷԿ չի կառուցվել, բայց ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որը ՄԶՄ ազգային լիազորված մարմինն է, հաստատված է փոքր ՀԷԿ-երի մոտ 10 փաթեթային նախագիծ, որին գումարվում է Նուբարաշենի աղբավայրի, նաև Լուսակերտի թռչնաֆաբրիկայի խնդիրը:

10-15 տարի առաջ, երբ խոսվում էր Լուսակերտի կեսնագազի գործարանի մասին, նշվում էր, որ այն հանրապետության երկրորդ «Մաքուր զարգացման մեխանիզմ» նախագիծն է, Նուբարաշենից հետո: Մի խոսքով «Կլիմայական» ծրագրերում մի մեծ խառնաշփոթ է տիրում։

Դրա հետ մեկտեղ, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, տարբեր միջազգային ատյաններում, ներկայացված է իբրև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ և այսպես շարունակ: Տեղյա՞կ են, մեր իրավապահ մարմինները, թե ինչ է կատարվում Շրջակա միջավայրի նախարարությունում, հատկապես կլիմայի փոփոխության ծրագրերի ներքո և ինչպես է Հայաստանը կամաց-կամաց հայտնվում կլիմայական շրջապտույտում:

Հայաստանում կլիմայի փոփոխության ծրագրերի առատությունից այնպիսի տպավորություն է, որ մոլորակի կլիմայի փոփոխության մեղավորը և պատասխանատուն հենց Հայաստանն է: Եվ կլիմայական ծրագրերի հարձակման միջոցով փորձում է իր սխալն ուղղել:

Բացի այդ, հայ կլիմայագետներն ընկել են ոտ ու ձեռ, որ հաճախ հայտարարություններով և պաշտոններով չեն կարողանում համագործակցված փչել կլիմայի փոփոխության ծրագրերի փողը, խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին:

Ոչ միայն ծրագրերն են սոդոմ-գոմոր, նաև հայտարարությունները՝ հակասական և երբեմն անտրամաբանական:

Կարելի է ենթադրել, որ Մաքուր զարգացման մեխանիզմ կոչվածը և դրա ներքո ծրագրերը, ընդհանարապես Կլիմայի փոփոխության ծրագրերն առանձնապես օրինականությամբ չեն փայլում: Համատեղ «կպցրած» ծրագրեր են և առանձնապես հետևող էլ չկա, թե որ կլիմայագետն այդ օրն ինչ կարծիք է հայտնել, այստեղից էլ այս միջազգային ծրագրերի խառնիխուռը, անտրամաբանական, հաճախ ապազգային բովանակությունն է:

Հայ կլիմայագետների և որոշ պաշտոնյաների համար կարևորը փողն է, իսկ միջազգային կառույցների, բանկերի հետևում թաքնվածների համար՝ երկրի ապականումը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից