Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը՝ թողնելով վերջինիս կալանքի տակ:
Պաշտպանական կողմը կրկին միջնորդություն է ներկայացնում, բայց այս անգամ ոչ թե խափանման միջոցը վերացնելու, այլ փոխելու պահանջով:
Ինչպես նշեց, Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, դատավարության այս փուլում անհրաժեշտ հիմքեր չկան Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու համար:
Պաշտպանը հիշեցրեց, որ գործի քննության ամենասկզբից Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից, հենց առաջին օրվանից առաջին հրավերով վերադարձել է Հայաստան ու ներկայացել է համապատասխան մարմին, իսկ դրանից հետո, երբ կալանավորվել է, հետո ազատ արձակվել առաջին կանչով ներկայացել է դատարան և մասնակցել դատավարական գործընթացին: Քննիչները երբեք որևէ փաստարկ չեն ներկայացրել, որ Քոչարյանը խոչընդոտում է գործի քննությանը, ավելին՝ մշտապես հայտարարել են, որ նման բան չի եղել. «Պարոն Քոչարյանը մշտապես ներկայացել է դատական նիստերին, կալանավորումից հետո ինքնակամ ներկայացել է Երևան Կենտրոն ՔԿՀ-ը»:
Պաշտպանական կողմը պահանջում է քննարկել Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը՝ գրավի չափի հարցը թողնելով դատարանի հայեցողությանը, սակայն այն լինի ողջամիտ:
Դատարանի ճշտող հարցին, թե որն է ողջամիտ չափը կամ գոնե առավելագույն չափը, Խուդոյանը չկարողացավ ասել: