Իրավական 

Քոչարյանը հայտարարություն արեց դատարանում` տալով նաև Սերժ Սարգսյանի անունը

analitik.am

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու մասին՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:

Իր խոսքում Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով մեղադրական կողմի այն պնդումներին, թե ինքը կարող է ազդել քննության վրա, հիշեցրեց, որ այդ մասով որևէ փաստ չի ներկայացվել. «Բայց, քանի որ մենք ծանոթ ենք քրեական գործին, գիտենք, որ նաև չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել ինչ-որ բան փոխելու համար, որովհետև հարգելի դատավոր, Դուք էլ ունեք քրեական գործը: Ամբողջ քրեական գործում ինձ հետ կապված կա 2-3 դրվագ: Առաջինը նախագահականում զինվորական բարձրագույն կազմի հետ հանդիպումն է՝ փետրվարի 23-ին: Հարցաքննվել է 12-13 մարդ, իսկ ներկա է եղել 25 մարդ: Քննարկում չի եղել, ուղղակի ես ելույթ եմ ունեցել: Կա 13 հոգու ցուցմունք: Դուք կարող եք ծանոթանալ դրանց հետ՝ համոզվելու համար այստեղ ինչ-որ բան փոխելու մոտիվացիա ես պետք է ունենամ, թե՝ ոչ: Եթե այդ 40 րոպեն տրամադրեք, կարող եք ծանոթանալ: Ես կարող եմ ձեզ տրամադրել ըստ հատորների, որովհետև հասկանում եմ, որ 80 հատորի մեջ դա գտնելը բարդ է»:

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա:

«Լավ, հասկացա: Ուրեմն չեք կարդալու»,- արձագանքեց Քոչարյանը:

Երկրորդ նախագահը նշեց, որ կա ևս 3-4 մարդու ցուցմունք, ովքեր այդ շաբաթվա ընթացքում իր հետ շփում են ունեցել. «850 վկաներից միայն նրանք են, ովքեր ինձ հետ շփվել են: Այդ 3-4 հոգուց մեկը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն է, ում հետ ես համաձայնեցրել եմ արտակարգ դրության հրամանագիրը: Սերժ Սարգսյանի հետ, որպես վարչապետի, համաձայնեցրել եմ հրամանագիրը, Հայկ Հարությունյանը՝ ոստիկանապետը, ով իր ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել ինչ-որ գործողությունների մասով և Արմեն Գևորգյանն է, ում հանձնարարվել էր պատրաստել արտակարգ դրության մասին հրամանագիրը: Վերջ: Մյուս հատորներում այլևս մարդ չկա, ով ինձ հետ շփված լիներ: Ընդամենը 40-50 րոպե է պետք լինելու, որ Դուք համոզվեք՝ փոխելու բան չկա»:

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի ցուցմունքին, Քոչարյանն ասաց, որ վերջինիս մեկ նախադասությունը միայն իրականությանը չի համապատասխանում և այն չի հաստատվում մյուս ցուցմունքներով․ «Այդ ցուցմունքի համաձայն, իբր ես բանավոր արտակարգ դրություն եմ հայտարարել փետրվարի 23-ին: Այս նախադասությունն աբսուրդ է, բանավոր արտակարգ դրություն չի լինում: Նյութերին ծանոթանալուց հետո հարց կառաջանա Ձեզ մոտ՝ ինչի՞ վրա ես պետք է ազդեմ: Նման բան չկա»:

Նույն շարքից