Իրավական 

Մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավարին

2018թ. հոկտեմբերից մինչև  2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Անիի համյանքապետարանի նախկին աշխատակիցներից, նույն համայնքի մի խումբ բնակիչներից, ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հաղորդումներ են ստացվել Անիի համայնքապետարանում տեղ գտած կոռուպցիոն չարաշահումների և այլ բնույթի հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Դրանց կապակցությամբ նախնական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել են երեք քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և    178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով և բավարար ապացույցներով մասնավորապես հիմնավորվել է, որ համայնքի ղեկավար Ա. Գ.-ն, Անի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ք. Մ.-ի և նույն  համայնքապետարանում որպես ծառայողական մեքենայի վարորդ աշխատող Ա. Մ.-ի օժանդակությամբ, հաստատապես տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Մ.-ն որպես կարգադրիչ աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում և օրենքով սահմանված կարգով չունի վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունք՝ 01.02.2013թ. ընդունել է աշխատանքի որպես վարորդ: Ապա համայնքի ղեկավարը անձնական շահադիտական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք` հաստատելով աշխատակազմի ղեկավարի կողմից կազմված և Ա. Մ.-ի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող՝ 2014-2018թթ. աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչի արդյունքում վատնելու եղանակով հափշտակել է այդ ընթացքում չաշխատած օրերի դիմաց Ա.Մ.-ի անվամբ դուրս գրված և փաստացի վճարված խոշոր չափերի աշխատավարձի գումարները:

Վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու համար սեպտեմբերին 18-ին նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավարը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացվել են ծավալուն քննչական և դատավարական այլ գործողություններ, համայնքապետարանի ֆինանսական գործունեությունը ստուգելու նպատակով նշանակվել և կատարվել է մասնագիտական ստուգում,  համայնքապետարանից առգրավվել են 2013-2017թթ. համայնքի ավագանու որոշումների գրանցման մատյանները և նվիրատվության պայմանագրերը, գույքի հրապարակային սակարկությունների փաթեթներ, նշանակվել և անցկացվել են դատաձեռագրաբանական, դատահաշվապահական փորձաքննություններ: Իրականացվում են նաև քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վերոնշյալ հանցավոր գործողություններին առնչություն ունեցող անձանց արարաքների իրավական գնահատական տալու, Անի համայնքապետարանում կոռուպցիոն այլ չարաշահումների վերաբերյալ ստացված տվյալների լիարժեք և համակողմանի պարզման ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից