Իրավական 

Հարցադրում չենք անում լավ տղա երևալու կամ հումոր անելու համար. Քոչարյանի պաշտպան

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 20-ին, դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դիմել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որպեսզի նա տրամադրի այն դատավորների ցանկը, ովքեր ՀՀ վարչապետի ու հենց Վարդազարյանի կարծիքով «պատերի տակ վնգստացող» են: Ալումյանը, դիմելով Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, ցանկացավ իմանալ` արդյո՞ք վերջինս կա այդ ցուցակում, թե` ոչ:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտարարեց, որ իրենք չեն ենթադրում, որ ցուցակի մեջ կլինի նաև Դանիբեկյանի անունը. «Մեր հարցադրումները, ի տարբերություն գործընթացի մասնակիցներից ոմանց հարցադրումների, ենթատեքստով չեն, դրանք արվում են պատասխան ստանալու համար: Հարցադրումը չի արվում հումոր անելու, ուժեղ տղա երևալու համար: Եղել է հայտարարություն, այն ունի արձանագրման եղանակներ»:

Փաստաբանն անընդունելի համարեց դատավորների վերաբերյալ նման պնդումներ անելը. «Սակայն, եթե արվում է նման հայտարարություն, մենք ցանկանում ենք ու իրավունք ունենք իմանալու, թե ովքեր են այդ դատավորները: Մենք հույս ունենք, որ պատասխան կլինի: Պատասխանը կամ լինելու է ցուցակի տեսքով, կամ կասեն, որ չկան նման դատավորներ: Իսկ եթե կան նման դատավորներ, մենք հետագա մեր քայլերը կիմանանք»:

Այսօր Քոչարյանի պաշտպանները նաև հայտարարեցին, որ պատրաստվում են դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: Օրբելյանը նշեց, իրենց կարծիքով, նման միջնորդություն ներկայացնելու հիմքերը շատ են. «Ասեմ հիմքերից մեկը: Քոչարյանի ազատազրկման հարցը վարույթ ընդունելուց հետո Աննա Դանիբեկյանը որոշում կայացրել է իր կաբինետում, չի եղել դատական նիստ: Օրինակ Դավիթ Գրիգորյանի դեպքում եղել է դատական նիստ»:

Օրբելյանը նշեց, որ դատավորը որոշում կայացնելիս պետք է լսի կողմերին, սակայն այս դեպքում չի եղել նման բան:

Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Նույն շարքից