Իրավական 

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարման մեխանիզմը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի ընթացքում Գյումրի քաղաքում անցկացվելիք «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար, համաձայն ներկայացված նախահաշվի, ի դեմս «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության և «Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի» ՀԿՀ-ի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել է 5.000.000 ՀՀ դրամ գումար: Նույն նպատակով, համաձայն ներկայացված նախահաշվի, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի միջև կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, ըստ որի՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից հասարակական կազմակերպությանը հատկացվել է նշված 5.000.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված գումարներից յուրացնելու եղանակով առերևույթ հափշտակվել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամ գումար, և որպեսզի կատարված հափշտակության հանգամանքը քողարկի, ՀԿ նախագահը կեղծել է իրավունք վերապահող փաստաթղթեր:

Մասնավորապես՝ կազմվել են հասարակական կազմակերպության պատվերով , իբր, տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց վճարված գումարների վերաբերյալ դրամարկղային մուտքի կեղծ օրդերներ, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ հաշիվներ, ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացվելիք ֆինանսական հաշվետվության փաստաթղթերի ամփոփաթերթերում կեղծ տեղեկություններ են ներառվել՝ նույն` 2.681.000 ՀՀ դրամ գումարի չափով ծախսը Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված դրամական միջոցներով կատարած լինելու վերաբերյալ, իսկ ՀԿ նախագահն իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել է կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀԿ նախագահի կողմից 2015 թվականին անցկացված  «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից փոխանցված 3.000.000 ՈԴ ռուբլի գումարից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի 27.170.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Քննության տվյալներով՝ օգտվելով հասարակական կազմակերպության նախագահը հանդիսանալու հանգամանքից, յուրացնելու եղանակով հափշտակություն կատարելու մտադրությամբ, իբրև հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար անհատ ձեռներեցին վճարվելիք գումար, ՀԿ նախագահը 3 անգամ գումարներ է դուրս գրել հասարակական կազմակերպության դրամական միջոցներից և յուրացնելու եղանակով հափշտակել, իսկ հափշտակության փաստը կոծկելու համար կազմել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, այն է՝  անհատ ձեռներեցի հետ, վերջինի կողմից առանց ծառայությունների իրական մատուցման, կազմել է կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր` ծառայությունների մատուցման հաշիվներ, ակտեր` հասարակական կազմակերպությանը 10.678.000, 7.562.000, 8.930.000 ՀՀ դրամի չափով ծառայություններ մատուցված լինելու վերաբերյալ, այդ փաստաթղթերը հաստատել իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով, ձեռք բերել հիշատակված գումարների չափով վճարում կատարված լինելու մասին անհատ ձեռներեցի կողմից կազմված կեղծ տվյալներ պարունակող անդորրագրեր և հատկացված միջոցների նպատակային ծախսումը հիմնավորելու նպատակով դրել շրջանառության մեջ` ուղարկելով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամ:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է նաև ՀԿ նախագահի կողմից կատարված մեկ այլ հանցավոր դրսևորման վերաբերյալ ևս:

Պարզվել է, որ ՀԿ նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

Քննության տվյալներով՝ ՀԿ նախագահը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք մրցույթ-փառատոնին մասնակցելու կամ այդ պատրվակով այդ երկիր մեկնելու հնարավորության մասին և վստահություն ձեռք բերելու նպատակով, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության անունից հանդես գալով, նրանց հետ կնքել է պայմանագրեր` պարտավորվելով նրանց որպես արվեստագետներ ուղարկել արտերկիր` Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք սեմինարի մասնակցելու համար:

Այնուհետև պահանջել է նրանցից բանկում բացված «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության հաշվին փոխանցել 1300 ԱՄՆ դոլարից մինչև 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և հափշտակել  թվով 9 անձանց կողմից հասարակական կազմակերպության հաշվին փոխանցված ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի  7.115.950 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նույն շարքից