Լուրը խիստ չափազանցված է: Այս մասին լրագրողներին հայտնել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով «Արմավիր» ՔԿՀ-ում երեկ տեղի ունեցած անկարգությունների մասին, ինչի վերաբերյալ հրապարակումներ էին արվել լրատվամիջոցներում:
Նախարարն ասել է, որ այս պահին հացադուլի մեջ գտնվող մարդ չկա. «Խնդիրը եղել է մի քանի հոգու հետ կապված: Խնդիրը կապված է տեղափոխման հետ: 51 անձի մասին խոսք չկա, ինչպես գրել են լրատվամիջոցները: Մի քանի հոգու դժգոհության մասին է խոսքը, խնդիրը հարթված է»:
Հարցին, թե ինչու են որոշել տեղափոխություններ անել, Բադասյանը հայտնել է, որ մանրամասներին տեղյակ չէ. «Դա ՔԿՀ-ում տեղի ունեցող հերթական շարքային իրադարձություն է»:
Հարցին, կան արդյո՞ք ՔԿՀ-ներում օրենքով գողեր, քրեական հեղինակություններ, նախարար Բադասյանն ասել է, որ կան. «Մենք քրեակատարողական ոլորտում ունենք ռազմավարություն, այն քննարկումների փուլում է, նրանց ակտիվության հարցը կլուծվի»:
Հարցին՝ նրանք շարունակում են արտոնյալ պայմաններում պահվե՞լ, նախարարը պատասխանել է, որ նրանց ազդեցությունն ամբողջությամբ վերացված չէ, սակայն գործնականում քայլեր կատարված են. «Մանրամասները կարող են ասել քրեակատարողական ծառայությունից»: