Իրավական 

Լուսանկարում երևացող քաղաքացու մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք արձագանքել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու՝ շինություն ապօրինի մուտք գործած, փաստաթղթեր գողացած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 27-ին  ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչուհին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ից մինչև 11:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային քարտեր, որոնցից մեկից անհայտ անձը Բաղրամյան պողոտայում գործող բանկոմատից նույն օրը՝ ժամը 11:46-ից մինչև  ժամը 11:50-ն ընկած ժամանակահատվածում, կանխիկացրել է 450.000 ՀՀ դրամ գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ  04.07.19 թ.-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի  և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել է կանխիկացման պահը ֆիքսած սարքի լուսանկարները, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն  կատարած անձին:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից