Իրավական 

Գագիկ Խաչատրյանը ծանր վիրահատությունից հետո Գերմանիայից քննիչի կանչով վերադարձել է Հայաստան. պաշտպան

Դատարանը հիմնավոր կասկածը հաստատելուց հետո պետք է անդրադառնա կալանավորման հիմքերին: Այսինքն, օրինակ՝ անձն, ազատության մեջ գտնվելով, արդյո՞ք կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, արդյո՞ք կխոչընդոտի քննությանը, արդյո՞ք նոր հանցանք կգործի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Խաչատրյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:

Սարգսյանը հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանը Գերմանիայի Դաշնությունում է գտնվել, որտեղ լուրջ վիրահատության է ենթարկվել. «2018 թվականին եղել է վերջին վիրահատությունը։ Ծանր հիվանդության մասին է խոսքը, ինչի մասին մանրամասն չեմ կարող ասել, քանի որ իմ պաշտպանյալն արգելել է դա անել: Ամեն դեպքում ասեմ, որ այս հարցը խիստ առանցքային նշանակություն ունի: Խաչատրյանը, վիրահատություն տանելուց հետո՝ վերականգնողական փուլի ժամանակ, քննիչի առաջին իսկ զանգով վերադարձել է Հայաստան, որպեսզի իր մասնակցությամբ քննություն կատարվի: Դրանից հետո կարճ ժամանակով կրկին պետք է մեկներ վիրահատության, բուժումների և այլն: Այս ամեն ինչի հնարավորությունը նա չունի: Ընդ որում ՀՀ իրավասու մարմինների կողմից համապատասխան փաստաթուղթ կա, որ առկա են ծանր հիվանդություններ, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ: Միայն այս փաստական տվյալը բավական էր, որ Խաչատրյանին թույլ տային մեկնել բուժումը շարունակելու համար»:

Փաստաբանի խոսքերով, Խաչատրյանի դիրքորոշումը հետևյալն է՝ թող լինի քննություն, պարզաբանվեն բոլոր հանգամանքները և եթե կա որևէ խնդիր, որը կհիմնավորվի դատարանով, ինքը պատրաստ է պատասխան տալ. «Պետք չէ կալանավորման համար արհեստական հիմքեր ստեղծել»:

Նույն շարքից