Իրավական 

9-ամյա երեխայի վրաերթին հաջորդել է հանցավոր դրսևորումների մի ամբողջ փաթեթ. Կիզակենտրոնում՝ Դավիթ Սանասարյանն է. «Փաստինֆո»

analitik.am

«Փաստինֆո»-ն գրում է.

ՊՎԾ պետի պաշտոնում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։ Սակայն այս անգամ խոսքը գնում է ոչ միայն հանցավոր արարքի, այլ նաեւ հակասոցիալական վարքագծի մասին՝ վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի, հեռացել է դեպքի վայրից, նրան չի տեղափոխել հիվանդանոց, որեւէ օգնություն չի ցուցաբերել իր գործողությունների հետեւանքով տուժած երեխային, ավելին՝ իր հանրային դիրքն օգտագործելով խոչընդոտել է գործի արդարադատության իրականացմանը՝ թույլ չտալով, որ կատարվածի մասին հիվանդանոցի բուժանձնակազմը հայտնի իրավապահ մարմիններին։
Նկատի ունենալով, որ Դավիթ Սանասարյանը հիմնավորված չի հերքել վրաերթից տուժած երեխայի եւ նրա մոր հայտարարությունները՝ պետք է արձանագրենք, որ գործ ունենք հանցագործությունների մի ամբողջ փնջի հետ։

Այսպես՝

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մաս

Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նկատենք, որ այս հանցակազմը մասնավոր գանգատի գործ է։ Բավական է՝ Դավիթ Սանասարյանը տուժողից ներողություն խնդրեր, երեխային անձամբ տեղափոխեր հիվանդանոց, հոգար նրա ծախսերը, ապա տուժող կողմը կարող է ընդհանրապես հրաժարվեր գանգատ ներկայացնելուց եւ ոստիկանությանն էլ ոչինչ չէր մնա, քան օրենքով սահմանված կարգով մերժել քրեական գործի հարուցումը։ Բայց հենց այստեղ էլ դրսեւորվել է հարցի բարոյական կողմը. ըստ մամուլի հրապարակումների Դավիթ Սանասարյանը նախընտրել է ոչ թե մարդկային վերաբերմունքը, այլ հանրային դիրքի չարաշահումը։

ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մաս

Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ինչպես հայտնի է, Դավիթ Սանասարյանը վրաերթի ենթարկված երեխային չի տեղափոխել հիվանդանոց, այլ մեկ ուրիշը զանգել- կանչել է տուժածի մորը, որն էլ փոքրիկին տեղափոխել է բուժկենտրոն։ Դեպքի մասին իրավապահներից թաքցվել է. Ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն չի ունեցել կատարել դեպքի վայրի զննություն՝ պարզելու վրաերթի հանգամանքներն ու պատճառները, ստուգելու Դավիթ Սանասարյանի սթափության աստիճանը։ Դեպքի վայրից հեռանալու իբրեւ հետեւանք վերացվել են հանցագործության հետքերը։

ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր

Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք: Մինչդեռ՝ վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ։

Բժշկական կենտրոնը պարզապես պարտավոր էր երեխայի վնասվածքով տեղափոխելու մասին անմիջապես հայտնել ոստիկանությանը, ինչը չի արվել՝ Դավիթ Սանասարյանի հորդորով։ Ասել է թե՝ Սանասարյանը, որը շարունակում է համարվել ՊՎԾ պետ, քանի որ նրա լիազորությունները միայն ժամանակավորապես են կասեցվել, իր կապերն օգտագործելով, միջամտել է իրավապահ մարմինների գործունեությանը՝ վկաների վրա ներգործություն ունենալով։
Ընդ որում՝ մամուլին միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո Դավիթ Սանասարյանն ի սկզբանե ընդհանրապես հերքեց՝ սուտ որակելով մամուլի հրապարակումները, ապա որոշ ժամանակ անց՝ հայտարարեց, թե «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։ Մի քանի ժամվա մեջ միմյանցից էապես տարբերվող այս հայտարարություններն արդեն իսկ վկայում են միջադեպի առկայության մասին՝ վարորդն է եղել մեղավոր, թե երեխան, պետք է պարզեր ոստիկանությունը, բայց հենց միայն այն, որ դեպքը թաքցվել է ոստիկանությունից՝ լուրջ խորհելու տեղեր են տալիս եւ հիմք ասելու, որ Սանասարյանը մեղմ ասած անկեղծ չէ։

Ակնհայտ է, որ նման պայմաններում պետք է հարուցվի քրեական գործ՝ պարզելու ոչ միայն երեխայի վնասվածք ստանալու հանգամանքները, այլ թե ինչու հիվանդանոցը այդ մասին չի հայտնել ոստիկանությանը, ինչու են թաքցվել դեպքը։ Միաժամանակ նախաքննական մարմինը պետք է նաեւ միջոցներ ձեռնարկի Դավիթ Սանասարյանի կողմից՝ մինչդատական վարույթին խոչընդոտելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու դրսեւորումները բացառելու համար, ինչն արդեն կալանավորման հիմք է։ Քանզի նման ահազանգեր կան, ավելին՝ Սանասարյանն արդեն հայտարարել է, թե տուժած երեխայի մոր դեմ հաղորդում է ներկայացնելու»։

Նույն շարքից