Հասարակություն 

Հայագիտական առարկաներն ավելո՞րդ են

analitik.am

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը տևական ժամանակ է քննարկման առարկա է դարձել թե մասնագետների, թե մեդիա-հանրության շրջանում:

Խնդիրն այն է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի, այլ բուհն ինքն է որոշելու իր ուսանողներին պետք են հայագիտական առարկաները, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ 2004 թ-ին ընդունված Բարձրագույն կրթության մասին օրենքով անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ: Երկու կիսամյակը նշանակում է արդեն քննություն: Ինչի կհանգեցնի ԿԳՄՍ նախարարության հերթական օրինագիծի. այս և հարակից հարցերի վերաբերյալ Analitik.am-ը զրուցեց Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանի հետ:

«2004 թվականին ընդունված օրենքով նախ կրթությունը և գիտությունն առանձին էին, իսկ նոր օրինագծով միացված են, որը ճիշտ չեմ համարում, դրանք առանձին ոլորտներ են: Երկրորդ՝ հայագիտական առարկաների պարտադիր ներառումը բուհերում երկրի ազգային քաղաքականության մի մասն էր, իսկ նոր օրինագծով պետությունը կրթական համակարգից ձեռքերը լվանում է»,- ասաց նա:

Ա. Մովսիսյանը նաև նշեց, որ դեռևս 2018 թվականից ԵՊՀ-ում հայոց պատմության առարկան 20 ֆակուլտետից 17-ում դարձել է ստուգարքային, իսկ թե ինչպես են ուսանողները վերաբերում ստուգարքային առարկաներին՝ գաղտնիք չէ: Եվ այնպիսի ֆակուլտետներում՝ ինչպիսիք են արևելագիտության, բանասիրության, իրավաբանության, միջազգային հարաբերութունների ֆակուտլետները, հայոց պատմության առարկայի ստուգարքային լինելն ուղղակի անտրամաբանական է:

«Արայիկ Հարությունյանն ասում էր, որ պարտադիր առարկաները պետք է հանվեն, սակայն չգիտես ինչու այդ «պարտադիր հանվող առարկաները» հենց հայագիտական առարկաններն են: Նոր օրինագծով գտնում են, որ պարտադիր եզրույթը բուհերի ինքնավարության խախտում է»,- ասաց նա, հավելելով, որ հայագիտական առարկաներն այն ազգային հենքն են, որի մասին մշտապես խոսում են երկրի ղեկավարները: Շատ ու շատ երկրներում քաղաքացիություն ձեռք բերելու համար այդ երկրի լեզուն և պատմության իմացությունը պարտադիր պայման է:

«Օրինակ Ռուսաստանի դաշնությունում քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնեն ռուսաց լեզվի և հայրենիքի պատմություն առարկաները, նույնը ԱՄն-ում է: ԱՄՆ քաղաքացիություն ստանալիս պետք է հանձնեն անգլիախոս աշխարհի պատմություն և անգլերեն լեզվից քննություններ»,- հաղորդեց հայոց պատմության ամբիոնի վարիչը, հիշեցնելով, որ ԵՊՀ գիտխորհուրդները բացասական կարծիք են տվել նոր օրինագծին և դա կունենա արդյունք, թե ոչ՝ դժվարացավ ասել:

Ա. Մովսիսյանը համոզված է, որ հայագիտական առարկաները թողնելով բուհերի հայեցողությանը հարակից խնդիրները ևս կառաջացնի, չի բացառվում, որ բուհերն ընդհանրապես այդ առարկաների դասավանդումից հրաժարվեն՝ ի հաշիվ մասնագիտական առարկաների:

«Նոր օրենքում, եթե հայագիտական առարկաների դասավանդման կետը պարտադիր չլինի, չի բացառվում, որ ֆակուլտետները պարզապես այդ առարկաները հանեն դասացուցակներից, որն անթույլատրելի է, բայց մենք այդ իրավիճակի տխուր փորձն արդեն ունենք»,- ամփոփեց Արտակ Մովսիսյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից