Իրավական 

Մոտեցել էր ակումբում գտնվող աղջիկներից մեկին. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի  մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՔԿ-ից:

Քննությամբ պարզվել է, որ 2019թ. հուլիսի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 2000թ. ծնված երիտասարդը, Երևան քաղաքում գործող հյուրանոցային համալիրներից մեկում մի խումբ անձանց հետ մասնակցել է համակուրսեցու տարեդարձին: Երիտասարդը ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է ակումբում գտնվող աղջիկներից մեկին ու փորձել շփվել վերջինիս հետ, ինչից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել իր և մի խումբ անձանց միջև:

 

Այնուհետև 20-ամյա երիտասարդը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, համալիրի բակում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, որը զուգորդվել է ակումբում ներկա գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից