Իրավական 

Արսեն Բաբայանի դեմ «դնջությամբ» հայտնի Ռուզաննա Արզումանյա՞նն է ցուցմունք տվել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, որը ստացվել է 2018 թվականի մարտի 2-ին, աշխատանքային օրվա ավարտին ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը՝ Ռուզաննա Արզումանյանը, անմիջապես չի գրանցել համակարգում, այլ արել է երկուշաբթի օրը՝ մարտի 5-ին։

 

Եվ այդ եռօրյա ժամկետը ՀՔԾ-ն գնահատել է որպես խախտում ու այդ հիմքով նախ ցուցմունք է կորզել Արզումանյանից, որ նա գործել է Արսեն Բաբայանի ցուցումով, ապա մեղադրանք է առաջադրել Բաբայանին։

 

«Ռուզաննա Արզումանյանն ամիսներ առաջ կենսաթոշակի է գնացել և այլևս չի աշխատում ԱԺ-ում։ Իսկ ինչո՞ւ է հենց Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք տվել, այլ ոչ թե, ասենք, Արա Սաղաթելյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի։ Բանն այն է, որ ընդհանուր բաժինը գործել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի, այլ տեղակալի կուրացիայի տակ։

 

Ի դեպ, Արզումանյանի հետ երկար տարիներ աշխատած մեր զրուցակիցները պատմեցին, որ տիկինը մշտապես աչքի է ընկել իր «դնջությամբ» և հաճախ է ուշացրել կարևոր գրությունները»,-գրել է թերթը։

 

Թերթը hավելել է, որ չնայած այն փաստին, որ Ռուզաննա Արզումանյանին տեսել էին Հատուկ քննչական ծառայությունում և վստահ են, որ հենց նա է ցուցմունք տվել Արսեն Բաբայանի դեմ՝ նպաստելով վերջինիս ձերբակալությանը, նա թերթի հետ զրույցում կտրականապես հերքել է գործող իշխանությունների հետ իր համագործակցության մասին լուրերը։

Արզումանյանի հետ «Հրապարակ»-ի հարազրույցը՝ ստորև.

-Տիկին Արզումանյան, տեղյակ եք, որ ՀՔԾ-ում գործ է հարուցվել, և այդ շրջանակներում նախօրեին ձերբակալել են Ձեր նախկին վերադաս Արսեն Բաբայանին։

-Ոչ, տեղյակ չեմ, ես թոշակի մեջ եմ և ոչ մի բանից տեղյակ չեմ։

-Մինչդեռ կան տեղեկություններ, որ Դուք «աջակցել» եք իրավապահներին․ որևէ բացատրություն կամ ցուցմունք տվե՞լ եք ՀՔԾ-ում․․․

-Որևէ, որևէ բանից տեղեկություն չունեմ, ես թոշակի եմ անցել, որևէ տեղեկություն չունեմ, ես լսեցի, նայեցի հեռուստացույցով և հեռուստացույցից եմ իմացել։

-Դուք Բաբայանի դեմ ցուցմունք չե՞ք տվել, որ նա է Ձեզ պարտադրել փոխել Գագիկ Հարությունյանի դիմումի ամսաթիվը, գրել, որ հետին թվով եք մուտք արել ԱԺ ընդհանուր բաժին։

-Դուք բառեր եք ասում, որ ես պնդում եմ՝ որևէ տեղեկություն չունեմ այդ բանի առիթով։

-Ձեզ չե՞ն հարցաքննել։

- Ոչ, ոչ։

-Դուք բացատրություն չե՞ք ներկայացրել նշածս փաստով։

-Որևէ տեղեկություն չունեմ այդ գործից։

- Բայց գրե՞լ եք բացատրություն։

-Ոչ։

-Իսկ որևէ մեկին պատմե՞լ եք, որ, իբր, Արսեն Բաբայանը Ձեզ պարտադրել է։

- Ոչ, ոչ և ոչ։

-Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը Ձեր անունից այդ տեղեկությունը տար։

-Ոչ, բոլորովին, ո՞վ պետք է գրած լինի, ում ուզում եք՝ գնացեք հարցրեք։

-Տարօրինակ է, որ չեք հիշում՝ այդ դիմումի հետ կապված խնդիրներ ծագե՞լ էին, թե՞ ոչ։

-Չեմ հիշում․ ես ինչքան ժամանակ է՝ թոշակի մեջ եմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից