Իրավական 

Արսեն Բաբայանը մասնակցել է այսօրվա նիստին, պատրաստ է մնալ անազատության մեջ ու իրավունք ունի փոխհատուցում պահանջելու

 

Արսեն Բաբայանի ձերբակալության հարցը դատարանը պետք է քններ 24 ժամվա ընթացքում, սակայն դա չարեց: Բաբայանին այնքան ժամանակ պահեցին անազատության մեջ մինչև դատարանը կալանքի մասին որոշում կայացրեց և կալանավորեց նրան: Նույնիսկ այդ մի քանի ժամը վախենում էին նրան ազատության մեջ թողնել: Այն ժամին, երբ նշանակված էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, քննիչը մեղադրանք էր առաջադրում Բաբայանին, ում չներկայացրեցին դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանի փաստաբաններից Լուսինե Սահակյանը:

 

Սահակյանը հայտնեց, որ Բաբայանի կալանավորման որոշումը բողոքարկելու են՝ նշելով, որ դիմելու են նաև ՄԻԵԴ-ին:

 

Հարցին, թե հիմա ինչ պետք է արվի, եթե Արսեն Բաբայանի ձերբակալումը փաստորեն ոչ իրավաչափ է եղել, փաստաբանն ասաց՝ համարվում է, որ անձի իրավունքները խախատված են, նա կարող է դիմել փոխհատուցում ստանալու պահանջով. «Սակայն դա որևէ բան չի փոխում, անձն արդեն գտնվել է ապօրինի անազատության մեջ»:

 

Սահակյանը վստահ է, որ սա քաղաքական գործ է ու հսկայական ճնշում կա դատարանի վրա. «Քրեական գործով ապացուցվել է, որ կեղծիք չի եղել: Անձինք էլ, ովքեր ցուցմունք են տվել, հրապարակային խոսել են: Բոլորին է հայտնի, որ կեղծիք չի եղել: Ինձ համար անհասկանալի, թե ինչով է ղեկավարվում նախաքննական մարմինը և այն, թե ինչ է իր որոշման մեջ գրել դատարանը: Չկա այնպիսի ցուցմունք, որով կհիմնավորեն մեղադրանքը, իսկ հակառակ ցուցմունքներ կան: Առնվազն Գագիկ Հարությունյանի ու Արա Բաբլոյանի հայտարարությունները կան»:

 

Սահակյանը նշեց նաև, որ գործի շրջանակներում առերեսում չի եղել, Բաբայանը ցուցմունք չի տվել՝ նշելով, որ մեղադրանքը պարզ չէ իր համար. «Մեղադրանքը պարզ չէ նաև մեզ համար: Բաբայանը պատրաստ է ցուցմունք տալ, երբ մեղադրանքն իր համար պարզ կլինի: Մենք սպասում էինք այս որոշմանը, քանի որ պարզ է՝ սա քաղաքական գործ է»:

 

Սահակյանն ասաց, որ Բաբայանը պատրաստ է գտնվել անազատության մեջ, եթե դա անհրաժեշտ է, որ դատական իշխանությունն ամբողջությամբ չանցնի գործադիրի հսկողության տակ:

 

Նույն շարքից