Վաղը լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարին։
Անկախության Հայաստանի պատմությունը կիսվում է խորհրդարանի գնդակահարությունից առաջ ու հետո։
Եվ մեր կիսված պատմության արանքում դաջված է ամոթի մեր խարանը, քանի դեռ չենք ստացել մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը, և կասկածի որդը սպանում է մեզ։
Անցած քսան տարիների ընթացքում մենք միշտ գտնվել ենք որոնումների, մտորումների, ներքին պայքարի ու ինքնակռվի մեջ՝ փորձելով հասկանալ, թե ինչու՞ և ի՞նչ հանգամանքների բերումով հնարավոր եղավ իրականացնել այդ սպանդը․․․
Պետականության, Հայաստանի ինքնիշխանության և հայ ժողովրդի արժանապատվության դեմ ուղղված այդ կրակոցների քաղաքական հետևանքները հայտնի են բոլորիս, և դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում։
Ինձ ամենից շատ հետաքրքրում է այդ ողբերգությունից մեր ժողովրդի դասեր քաղելու և հետևություններ անելու առկայության հանգամանքը։
Մենք իսկապե՞ս համարժեք հետևություններ արել ենք հոկտեմբերի 27-ից, իսկապե՞ս մեր ինքնապաշտպանության ներքին համակարգը բերել հասցրել ենք այն անհրաժեշտ սանդղակին, որ անհրաժեշտ պահին պատրաստ լինենք պաշտպանելու մեր պետականությունն ու վերջին հայրենիքը։
Գոնե իմ համոզմամբ, այս տարիների ընթացքում կարող էինք ավելի լավ պետություն և ավելի բարեկեցիկ հասարակություն ստեղծել։ Չարեցի՛նք։ Հազար ու մի պատճառներով չարեցի՛նք, չկարողացա՛նք, չթողեցի՛ն․․․
Հիմա շանս կա որակապես ավելի՛ լավ պետություն կառուցելու, ավելի՛ լավ հասարակություն կայացնելու, մանավանդ որ մեր ժողովուրդն արժանի է դրան․․․
Չկորցնե՛նք այս շանսը․․․
Իրավաբան Նորայր Նորիկյան