Հասարակություն 

Ողջի գետում մուտացիոն երևույթներ կա՞ն

Օրերս Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վրա վթար էր տեղի ունեցել և պոչանքները լցվել էին Ողջի գետը: Մի քանի օր շարունակ պղտոր ու թունավորված գետի ջրերը հոսում էին դեպի Արաքս: Նախօրեին ևս Ողջի գետը պղտորվել էր:

Analitik.am-ի հետ զրույցում «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանն ասաց, որ կիրակի ուշ երեկոյան ահազանգ է ստացել, որ Ողջի գետը կրկին պղտորվել է: Նա նաև տեղեկացրեց, որ բարձրացել են Գեղի գետի հունն ի վեր, որտեղ օրեր առաջ տեղի էր ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարը, սակայն այս անգամ վթար չէր:

«Գեղի գետն ի վար իջնելով ականատես եղանք, որ ջուրը պղտորվում է Ջրախոր ՀԷԿ-ի թունելից: Պարզեցինք, որ ԶՊՄԿ պոչատարի վրա օրերս տեղի ունեցած վթարից հետո պոչանքները լցվել են Ջրախոր ՀԷԿ-ի թունել։ Այժմ թունելը մաքրում են պոչանքներից»,-ասաց նա:

Հակոբյանը տեղի ունեցածը համեմատեց մոտ մեկ շաբաթ առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարի հետ և ասաց, որ պոչանքի ծավալն այս անգամ քիչ էր, սակայն պոչանքը մնում է պոչանք:

«Օրերես ԶՊՄԿ-ի պոչատարի վրա տեղի ունեցած վթարի վերաբերյալ պաշտոնապես հաղորդվեց, որ խողովակի վրա 8 մմ ճեղք է առաջացել, բայց  հաշվի առնելով պոչանքի այն քանակն ու չափը, որ թափվել է գետը, չեմ կարծում, որ 8 մմ ճեղք լիներ»,- ասաց Հակոբյանը, հավելելով, որ հաշվարկվել է բնությանը պատճառված վնասը, սակայն որևէ գումար չի կարող փոխհատուցել այն վնասը, որ շրջակա միջավայրին հասցրել է պոչատարի վթարը:

Ըստ նրա, տարեկան մի քանի անգամ ԶՊՄԿ-ի պոչատարի վրա վթար է լինում, մի քանիսը՝ խոշոր, մի քանիսը՝ փոքր: Լինում են դեպքեր, որ մարդիկ անգամ չեն իմանում վթարի մասին. այն լինում է հեռու վայրերում, կամ ոչ ցերեկային ժամերին:

«ԶՊՄԿ-ի պոչատարի վրա  վերջին տասնամյակներում մշտապես խոշոր ու մանր վթարներ են լինում»,- շեշտեց «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի ներկայցուցիչը և նշեց՝ երբ Կապան քաղաքում կամ բնակելի տարածքներում գետը գույնը փոխում է և տհաճ հոտ է գալիս մարդիկ անհանգստանում են, և եթե անգամ օգտակար նյութ հոսեին՝ գետի գույնի փոփոխությունն արդեն անհանգստություն է:

Հակոբյանի խոսքով, տարիներ շարունակ ԶՊՄԿ-ի պոչատարի վթարները մեծ վնաս են հասցրել Ողջի գետի թե՛ կենդանական, թե՛ բուսական աշխարհին: Խոսում են, որ գետում անգամ կենդանիների մուտացիոն երևույթներ կան, սակայն գիտականորեն ապացուցված չէ:

«Մուտացիաների հավանականությունը մեծ է՝ նկատի ունենալով, որ տարիներ շարունակ, տարին մի քանի անգամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբնատի պոչանքները լցվում են գետը»,-նկատեց Հակոբյանը:

Նա նաև հաղորդեց, որ նախօրիեն ջրից նմուշառում է կատարվել և առաջիկայում Սյունիքում սպասվում է օդի, ջրի, հողի նմուշառումներ և անալիզներ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից