Իրավական 

Հանրային խորհրդի վերացումը հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների եղանակով. Սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր էջում գրում է.

«Վերջին օրերին հաճախակի են անդրադարձները Հանրային խորհրդի գործունեությանը, ինչը ենթադրում է հետագա հնարավոր զարգացումներ:

Այդ զարգացումների վատագույն սցենարն է Հանրային խորհրդի գործունեության դադարեցումը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Սահմանադրության 161-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, իսկ Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանված է «Հանրային խորհրդի մասին» օրենքով:

Հետևաբար՝ Հանրային խորհրդի վերացումը հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների եղանակով:

Բացի այդ, անդրադառնալով Հանրային խորհրդի օրենքով սահմանված խնդիրներին, որոնց իմպլեմենտացիան անհրաժեշտություն է՝ ակնհայտ է դառնում այս մարմնի անկյունաքարային դերը: Դրանք են.

1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը.

2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը.

3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը

4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը.

5) սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը.

6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:

Հուսամ՝ այս դեպքում սխալ կողմից չեն մեկնարկվի բարեփոխումները և Հանրային խորհրդի՝ որպես Սահմանադրությամբ նախատեսված մարմնի լիազորությունների դադարեցման փոխարեն, կմշակվեն և կներդրվեն վերոնշյալ խնդիրների կյանքի կոչմանն ուղղված մեխանիզմներ»:

Նույն շարքից