2019 թվականի մայիս ամսից Գյումրիում 2003 թվականից գործող «Թռչունյան» տուն բարեգործական մանկատունը չի ֆինանսավորվում, շուրջ 82 երեխա և աշխատակազմը մնացել են առանց միջոցների. պարտքով ուտելիք են վերցնում և գոյատևում. մինչև ե՞րբ:
Analitik.am-ի հետ զրույցում «Թռչունյան» մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանը նշեց, որ ծանր վիճակ է ստեղծվել. ապառիկ են վերցնում թե՛ սնունդը, թե՛ լվացման միջոցները: Աշխատակիցներն ամիսներով աշխատավարձ չեն ստացել, նրանց ընտանիքների սոցիալական վիճակն էլ է սրվել. ուղղակի գոյատևում են՝ 16 մլն դրամ պարտք է կուտակվել:
«Սոցապնախարարությունը որևէ կերպ չի արձագանքել: Ես տեղյակ էլ չեմ՝ իրենք գիտեն արդյո՞ք մեր գոյության մասին, թե՝ ոչ: «Թռչունյան» մանկատունը 16 տարի գործել է բարեգործական միջոցներով, որևէ պետական աջակցություն չենք ունեցել: Հիմա փորձում ենք հովանավորներ գտնել»,-ասաց Սիմոնյանը:
Նա նաև նշեց, որ միայն Մայր Աթոռն է փորձում հովանավորներ գտնել կամ միջոցներ հայթայթել մանկատան համար, սակայն մանկատան պարտքը շատ մեծ է և միայն Մայր Աթոռի օգնությամբ դժվար կլինի այս վիճակից դուրս գալը:
«Մի սարսափելի վիճակ է, բայց երեխաներին էլ չեմ կարող փողոց հանել, ո՞ւր գնան:
Երեխաների մոտ կեսը գնալու տեղ չունեն, մյուս կեսն ուղղակի պայմաններ չունեն, որ վերադարձնենք ընտանիք: Սոսկալի վիճակ է։ Կարող է օրերով հաց չունենանք, որ երեխաներին տանք»,-հուզվեց տնօրենը:
Սիմոնյանի խոսքերով, «Թռչունյան» բարեգործական մանկատան հանրակրթական դպրոցի աշակերտներից միայն այս տարի 8 հոգի ԲՈՒՀ է ընդունվել, որից 2-ն անվճար համակարգ, ընդհանրապես մանկատունը 45-50 ուսանող ունի:
«Վարչապետն ասում էր՝ ցույց տվեք մեկին, ով գիշերօթիկից գնացել և բարձրագույն է ընդունվել, նման բան չկա: Խնդրեմ՝ մենք միայն այս տարի 8 ուսանող ունենք»,-շեշտեց Սիմոնյանը:
«Թռչունյան» մանկատան տնօրենի մտահոգությունը ձմեռն է, քանի որ Գյումրիում ցուրտ է, չեն կարողանում ջեռուցում ապահովել, և չեն էլ կարող երեխաներին վերադարձնել իրենց ցուրտ դոմիկները. «Կան երեխաներ, ովքեր ամառ-ձմեռ այստեղ են ապրում, գնալու տեղ ուղղակի չունեն, ո՞ւր ուղարկեմ»:
Տնօրենը չի ընդունում այս ոլորտում սոցապնախարարության քաղաքականությունը, քանի որ գտնում է, որ նախ պետք է հզորացնել անապահով ընտանիքները, հետո նոր երեխաներին տուն ուղարկել. «Մեզ մոտ թարս են անում։ Ասելով հո չի, դե երեխաներին տեղավորեք: Ո՞ր խնամատար ընտանիքը պետք է տանենք»:
«Երեխաները մարդ են, առարկա չեն, ամեն մի տեղափոխությունն արդեն սթրես է, մեղք են, արդեն սթրես տարած են, որբացած ու ընկճված: Երկիրը չի կարող հա՞ մի 40-50 երեխա պահել»,-հարցնում է «Թռչունյան» մանկատան տնօրենը:
Ըստ նրա, մանկատան սաները լաց ու կոծ են դրել, ավարտական վկայականներ են ցանկանում ստանալ և այլ դպրոց չեն էլ ցանկանում տեղափոխվել: Մի անգամ նման դեպք եղել է և երեխաներին դպրոցում նայել են որպես որբերի:
«Մեր երեխաները հիմա սոված են ու մրսած։ Սպասենք հիվանդանան՝ նո՞ր փող հավաքենք, որ բուժենք»,-հարցրեց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ «Թռչունյան» տուն մանկատան շենքը հին պատմություն ունի։ Ցեղասպանությունից հետո այստեղ են փրկվել բազմաթիվ հայ մանուկներ, սակայն նոր Հայաստանում երկիրը չի ցանկանում որբ երեխա պահել:
Գյումրիի «Թռչունյան» տուն մանկատան, դպրոցի երեխաներն ու անձնակազմը մնացել են Աստծո հույսին:
Գոհար Ստեփանյան