Իրավական 

Պատրաստ ենք արտասանել պաշտպանական ճառ՝ քարը քարին չթողնելով այս մեղադրանքից. Քոչարյանի փաստաբան

analitik.am

Ինձ համար սպասելի էր։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը՝ խոսելով դատարանի այսօրվա որոշման մասին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց չբավարարել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ու ազատ չարձակել վերջինիս:

Սահակյանն ասաց, թե ինքը համոզված էր, որ դատավորը մերժելու է միջնորդությունը․ «Ես իմ կաշվի վրա զգացի իր մասնագիտական գիտելիքների խորը պակասը։ Ես փորձում էի նրան ներկայացնել մեղադրանքի դրվագը։ Նրանք վերցրել են և կազմել բովանդակություն, հետո տեղադրել են ազգանունները, որևէ տառ չի փոխվել։ Այստեղ չկա մեղադրանք։ Ինչպե՞ս կարող եմ սա համեմատել գյուլնազ տատի հեքիաթների հետ։ Սա կարող եմ համեմատել գեներալ լեյտենանտ Արթուր Դավթյանի կողմից գրված հեքիաթի հետ։ Ո՞նց կարող էր նա բաց թողնել նման մեղադրանքը։ Ճիշտ է նա չի ստորագրել, ստորագրել է մասնակցող դատախազ Պետրոսյանը, բայց վերջապես ինքն է այս գործի համար պատասխանատուն։

Եթե մարդ կարողանում է 3,5 ամսում երկու գեներալի կոչում ստանալ, արդեն սրանով ամեն ինչ ասված է։ Սրանով պայմանավորված՝ ես կարող եմ ասել, որ նա ծառայություններ է մատուցում Հանրապետության ղեկավարին, դիցուկ ՀՀ վարչապետին»։

Սահակյանի խոսքերով, այս գործի հետ կապված ինչ-որ գործոն կա, որը խոչընդոտեց․ «Դանիբեկյանի մոտ շատ գործոններ կան։ Վերջերս նա մի անգամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։ Պատկերացրեք՝ եթե երկրորդը լինի։ Համոզված եմ, որ դատավոր Դանիբեկյանը չի կարդացել այն տողերը, որը ես ներկայացրել եմ նախորդ նիստում գրավոր տեսքով։ Վերջում ես գրել եմ՝ մի մեղադրեք մեզ, որ մենք փորձում ենք խոչընդոտել դատական քննությունը, հակառակը՝ մենք պատրաստ ենք մտնել դատական վիճաբանությունների փուլ և արտասանել պաշտպանական ճառ՝ քարը քարին չթողնելով այս մեղադրանքից»։

 

Նույն շարքից