Իրավական 

Եթե այդքան շատ լացես, չես էլ ամուսնանա, երեխա էլ չես ունենանա. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

analitik.am

Դատարանն արձանագրել է, որ իրավական խոչընդոտ կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց հարցի քննարկման համար, Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանն արձանագրել են, որ այդ խոչընդոտը չկա, սակայն դատարանն, առանց հավելյալ պատճառաբանում ներկայացնելու, նորից մի քիչ ավել է մտածել, քան՝ պետք է, ու որոշում է կայացրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատարանի վերջին որոշմանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց գրավի մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով կալանքը:

«Դատարանը «Կիկոսի մահը» հեքիաթի նման է մտածել՝ գնացի մարդի, ունեցա որդի… Դատարանը մտածել է՝ կկիրառի գրավ, հետո կգնա ու կխոչընդոտի … մի երեք քայլ էլ ավել է մտածել, քան պետք է ու իրավունք ուներ մտածել, քանի որ ՍԴ-ն ու Վճռաբեկը հաստատել են, որ կարող են բռնագանձել գրավը, կարիք չկա անհանգստանալու, որ «Կիկոսն ընկնելու է քարին», «Կիկոսին չի էլ հասնելու, մինչ այդ պետք է ամուսնանալ, իսկ եթե այդքան շատ լացես, չես էլ ամուսնանա, երեխա էլ չես ունենանա»»:

Փաստաբանի խոսքերով, դատարանը պետք է որոշի՝ կամ ինքը դատարան է, կամ՝ ոչ:

Օրբելյանը նաև հայտարարեց, որ իրենք մեծ հաճույքով կմտնեն դատական վիճաբանությունների փուլ, ուղղակի որոշ մարդիկ խեղված են ընդունում փուլերի անցման պրոցեսը. «Պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ և գործը շատ արագ մտնի վիճաբանությունների փուլ: Մարդիկ մտածում են, որ Քոչարյանը հիմա արդեն պատիժ է կրում, սակայն նման բան չկա, նրա նկատմամբ կիրառված է կալանք, որն ապօրինի է: Քանի դեռ այդ կալանքը չի վերացել, մենք ձեռնարկելու ենք բոլոր օրինական քայլերն այն վերացնելու համար: Մենք չենք ձգձգում դատական պրոցեսը, այն ձգձգում է մեղադրող կողմ»:

Նույն շարքից