Իրավական 

Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, թե ինչու է անձնական երաշխավորություն ներկայացրել Արսեն Բաբայանի համար

analitik.am

Ես անձնապես ճանաչում եմ Արսեն Բաբայանին դեռևս լրագրողական գործունեության ընթացքում, երբ աշխատում էի Ազգային ժողովում։ Առիթ ունեցել եմ շփվել նրա հետ և գոնե այս մասով վստահ եմ, որ գտնվելով ազատության մեջ, նա չի խուսափի նախաքննությունից և իրավապահ մարմնի կանչով կներկայանա։ Հետևաբար հենց այդ հիմքով էլ խնդրել էի Գլխավոր դատաախազին նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց անձնական երաշխավորությամբ փոխելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսելով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի գործով անձնական երաշխավորություն ներրկայացնելու մասին։

Գաբրիելյանի խոսքերով, այս քայլն ընդհանուր առմամբ տեղավորվում է նաև իրենց քաղաքական թիմի տրամաբանության մեջ․ «Մենք նույնպես կարծում ենք, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում։ Իմ անձնական կարծիքով սա այդ բացառիկ դեպքը չէր և գոնե այս փուլում կարելի է ազատ արձակել Արսեն Բաբայանին, ինչն էլ քիչ տեղի ունեցավ։ Սա իմ անձնական դիրքորոշումն է եղել, այնուամենայնիվ ես քաղաքական թիմի անդամ եմ, և բնականաբար, իմ քաղաքական թիմը նույնպես այս կարծիքին է։ Որևէ խնդիր չկա»։

Հարցին՝ արդյո՞ք որևէ տարաձայնություններ եղել են թիմի ներսում այս որոշման հետ կապված, Գաբրիելյանը նշել է, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են մտածել և ընկալել․ «Սակայն դա, ըստ էության, այն է, ինչն ինձ  շատ է դուր գալիս մեր խմբակցության ներսում, դա բազմակարծությունն է։ Վիճաբանություն չի եղել և որևէ մեկը դեմ չէ այս ամենին»։

Ըստ պատգամավորի, մեղավոր է Արսեն Բաբայանը, թե՝ ոչ, կորոշի դատարանը․ «Ես չեմ որոշողը։ Ես, պարզապես անձնական երաշխավորություն տալով, իմ և իմ թիմի անունից նշել եմ, որ հարցը կորոշի դատական իշխանությունը»։

Գաբրիելյանը շեշտել է, որ քննարկումներ են եղել փաստաբանների, իրավաբանների, ինչպես նաև Արփինե Հովհանինյանի հետ․ «Այո, եղել են քննարկումներ։ Լսել եմ բոլորին, լսել եմ նաև Արփինե Հովհաննիսյանին, Ռուբեն Մելիքյանն է բազմիցս խոսել այս մասին, նաև՝ Երվանդ Վարոսյանը։ Այս ամենն իմի բերելով՝ մենք էլ ենք հասկանում, որ սա մեղադրանքին չի վերաբերում։ Կարծում ենք, որ մինչև այդ փուը հասնելն, Արսեն Բաբայանը չի խոչընդոտի քննությանը։ Երաշխիքը պարզապես վստահությունն է»։

Ինչ վերաբերում է բուն գործին, Գաբրիելյանը չի ցանկացել այդ մասով գնահատական տալ․ «Այնպես չէ, որ չունեմ այդ մասով իմ տեսակետը, բայց չեմ ցանկանա գնահատական տալ հաշվի առնելով, որ գործը դեռ նախաքննության փուլում է։ Գուցե շատ բաներ փոխվեն կամ չփոխվեն, գուցե այլ անձինք հայտնվեն կամ չհայտնվեն, հետևաբար դա թող որոշեն իրավապահները։ Խնդիրն այն է, որ անձնական երաշխավորություն տալով ես ասում եմ, որ Արսեն Բաբայանը չի խուսափի նախաքննությունից, փախուստի չի դիմի, իրավապահների կանչով կներկայանա և հուսով եմ այդպես էլ կլինի և ես քրեական պատասխանատվության չեմ ենթարկվի»։

Նույն շարքից