Իրավական 

Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվող անձ, իր գործունեության ընթացքում շարունակաբար, 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, թույլ է տվել չարաշահումներ:

Քննության տվյալներով՝ տնօրենը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ընկերության կողմից առանց տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ համարվող, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող և նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար հիմք հանդիսացող ակնհայտ կեղծ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի արատորոշման քարտերը և տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնները, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունն:

Արդյունքում՝ խաբեությամբ, այն է` համապատասխան ծառայություններ մատուցված չլինելու հանգամանքը թաքցնելու և իրականում այդ ծառայությունների մատուցման փաստը հաստատելու նպատակով վերոհիշյալ փաստաթղթերը օգտագործելու միջոցով, հափշտակել է դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջեից ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 203.580.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից