Հասարակություն 

Եթե մեր քաղաքական գործիչները պատմություն իմանային՝ պատմական նույն սխալները չէին կրկնի. Պատմաբան

analitik.am

ԿԳՄՍ նախարարության կողմից նախաձեռնված հայագիտական առարկաների ոչ պարտադիր ուսուցման վերաբերյալ օրենքի դրույթը քննարկվում է գիտակրթական տարբեր հարթակներում: Իշխանական օղակները Հայոց լեզվի և Գրականության, Հայոց պատմության ոչ պարտադիր դրույթի դեմ հանդես եկողների վերաբերյալ ասում են, որ ժամեր կորցնելու խնդիր ունեն՝ դրա համար են դժգոհ:

Արդյոք այդպես է. Analitik.am-ը նման հարցադրումով դիմեց Երևանի Պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ, Արտակ Մովսիսյանին:

«Ցավոք, մարդիկ կան, որ փորձում են սոցիալական  ուղղությամբ տանել հայագիտական առարկաների ոչ պարտադիր դասավանդման հարցը: Տգեղ է, որ նման հարցադրում է արվում:

Հայոց լեզու և Գրականություն, Հայոց պատմություն առարկաների ուսուցումը մեզ համար սոցիալական խնդիր չէ, այլ ազգային ճանաչողության, ազգային ինքնության, ազգային արժեհամակարգով նոր սերնդին դաստիարակելու միջոց»,-ասաց Մովսիսյանը:

Նա չբացառեց, որ հայագիտական ոչ պարտադիր դույթն ամրագելու պարագայում որոշ դասխոսներ գուցե ժամեր կորցնեն, սակայն միայն խաղալ դասախոսների ժամեր կորցնելու վրա՝ անհեթեթ մեղադրանք է:

Մովսիսյանն օրինակ բերեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը, որտեղ 22 դասախոս կա և որոնք դասավանդում են ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներում: Եթե Հայոց պատմության մասնագետները որոշ ժամեր կորցնեն, ապա դա կազդի 5 կամ 10 դասախոսի վրա, իսկ ողջ բուհական համակարգում՝ 10-20 դասախոսի:

«Ինչպես գիտեք, այսօր մեկ տեղ աշխատելով ընտանիք չես կարող պահել, բոլորը 2-3 տեղ են աշխատում: Աշխատանքը կորցնելու դեպքում մարդիկ կգտնեն այլ աշխատանք: Թեև դասախոսները մասամբ կամ ամբողջությամբ կկորցնեն աշխատանքը, սակայն դրա փոխարեն մի ամբողջ սերունդ կկորցնի ազգային արժեհամակարգով դաստիարակվելու հնարավորությունը: Եթե որևէ ողջամիտ մարդ կարող է ասել՝ եկեք զոհաբերենք հայկական արժեհամակարգով նոր սերնդի դաստիարակությունը՝ ինչ ասեմ՝ թող անեն»,-ասաց պատմաբանը։

Մովսիսյանն անդրադարձավ ոչ հումանիտար ֆակուլտետներում հայերենագիտական առարկաների պարտադիր դասավանդման խնդրին, և նշեց, որ բուհերում առարկան կոչվում է Հայոց լեզու և խոսքի մշակույթ:

«Ուզում է  բժիշկ լինի, իրավաբան, քաղաքական գործիչ, մաթեմատիկոս՝ գրագետ խոսքը բոլորի համար շատ կարևոր է: Այդ մաթեմատիկոսները կամ բժիշկները, որը վաղը թեզ գրեցին-պաշտպանեցին կամ գիտաժողովներում ելույթ ունեցան, նրանք էլ են Հայոց լեզվով ելույթ ունենալու: Տգեղ կլինի, որ նրանք անգրագետ խոսք ունենան, ինչպես այսօր մեր կառավարության անդամներից շատերը. սա տխուր փաստ է, ոչ թե չարախնդալու»,-շեշտեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչը:

Պատմաբանը նաև անդրադարձավ բարձրագույն կրթություն ստացողների կիրթ խոսքին, և շեշտեց, որ լեզվի և պատմության խոր իմացությունը յուրաքանչյուրի համար է անհրաժեշտություն. «Տեսեք ինչի համար է պետք Հայոց պատմությունը, միշտ ասում ենք պատմությունից դասեր քաղենք:

1991 թվականից մինչև այսօր տեսնում ենք, որ երկրի ղեկավարումը չի գնում զուտ պրոֆեսիոնալ ուղիով: Լևոն Տեր-Պետրոսյանը բանասեր է, Ռոբերտ Քոչարյանը Պոլիտեխնիկի շրջանավարտ, Սերժ Սարգսյանը՝ բանասեր, Նիկոլ Փաշինյանը՝ բանասեր-լրագրող: Եվ եթե իշխանության  գլուխ են գալիս մարդիկ, ովքեր քաղաքագիտական կրթություն չունեն, այլ իրադարձությունների բերումով են պաշտոններ զբաղեցնում, ապա ԲՈՒՀ-երում պետք է պարտադիր լինի հայագիտական առարկները, քանի որ վաղը կարող է յուրաքանչյուրին պետք գալ թե՛ Հայոց լեզուն, և թե՛ Հայոց պատմության իմացությունը»,-ասաց նա:

Մովսիսյանը նաև շեշտեց, որ տարբեր մասնագիտութան տեր մարդիկ հասնելով քաղաքական պաշտոնների՝ պետք է լավ իմանան թե՛ լեզուն, թե՛ պատմությունը: Հաճախ քաղաքական գործիչների համար պատմությունից դասեր քաղելու և նախորդների սխալները չկրկնելու անհրաժեշտություն է լինում:

«Մեր նորանկախ Հանրապետության պատմության մեջ այնքան սխալներ կան, որ եթե մեր պաշտոնյաները Հայոց  պատմությունից որոշակի գիտելիքներ ունենային, ապա նույն պատմական  սխալները չէին կրկնի»,-շեշտեց Մովսիսյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից