Հասարակություն 

Դիարբեքիրի կիսաավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի մեջ է /Լուսանկարներ/

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի մեջ:

Թուրքալեզու աղբյուրը գրում է, որ արձանագրությունների ու պատմական հավաստի տեղեկությունների սակավության պատճառով եկեղեցու մասին  քիչ բան է հայտնի:

«Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերքհեմը «Ամիդա» անունով աշխատության մեջ գրում է, որ օսմանահպատակ հայերը եկեղեցին կառուցել են 1515 թվականին ու անվանել Սուրբ Սարգիս: 19-րդ դարի բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այդ եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը»,- նշում է աղբյուրը:

Եկեղեցու մասին տեղեկություններ է հաղորդել Անկարայի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի շրջանավարտ Ռուվեյա Թունչը, ով Գերմանիայում ղեկավարում է «Հիշողություն ու տեղանք» նախագծի աշխատանքները: Եկեղեցու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Թունչը նշում է, որ Սբ. Սարգիսը մյուս մեծ եկեղեցիների նման իր կազմում ունեցել է դպրոց.

«Այդ դպրոցն էլ եկեղեցուց շատ ուշ չի կառուցվել: 16-րդ դարում այնտեղ հայերեն լեզու և աստվածաբանություն է դասավանդվել: 1800-ականներին Դիարբեքիրի վիլայեթի 2 դպրոցներից մեկը Սբ Սարգսի, մյուսը Սբ Կիրակոսի կազմում էր: Այդ 2 դպրոցներում մինչև կեսօր հայերեն և թուրքերեն լեզուներ են դասավանդվել, իսկ կեսօրից մինչև երեկո՝ ձեռագործ արհեստներ: Սակայն հայոց պատրիարք Կարապետ 3-րդը, հասկանալով, որ գրագիտությունը բավարար մակարդակի վրա չէ, համայնքին շրջաբերական է ուղարկում՝ պահանջելով առևտրականների ու արհեստավորների հովանավորությամբ դպրոցներ կառուցել: 1800-ականներին այս վիլայեթներում ամենուր սկսում են դպրոցներ կառուցել: Դպրոցների կառուցմամբ աշխուժանում է կրթական գործընթացը, ինչի շրջանակներում Սբ. Սարգիս եկեղեցու կազմում 1847-ին մեկ հատ էլ օրիորդաց դպրոց է կառուցվում, որն ավելի ուշ դասընթացներ է առաջարկում նաև չափահասների համար: Այդպիսով դպրոցը շատ արհեստագործների համար առաջընթաց է ապահովել իրենց գործունեության ոլորտում:

Հայկական դպրոցներում հիմնականում դասավանդում էին այնպիսի առարկաներ, ինչպիսիք էին թվաբանություն, աշխարհագրություն, բնագիտություն, օսմանյան գրականություն, տրամաբանություն, քրեական օրենսգիրք, կրոններ, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ:

Այսօրվա Դիարբեքիրի Յավուզ Սելիմ, Սուլեյման Նազիֆ նախակրթարանների շենքերը, Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի ու մի շարք այլ շենքեր այդ ժամանկներում կառուցված հայկական դպրոցներ են»:

Թունչը պատմում է, որ Օսմանյան կայսրությունում 4572 ոչ քրիստոնեական դպրոց է եղել, սակայն դրանցից 4074 չեն ունեցել պաշտոնական թույլտվություն, իսկ Սբ Սարգիս եկեղեցու կազմում գործող դպրոցներին թույլտվություն է տրվել միայն 1893 թվականին:

«Օրիորդաց դպրոցին, սակայն, այդպես էլ թույլտվություն չի տրվել,- շարունակում է Թունչը: -Եվ հետաքրքիրն այն է, որ չնայած 1893-ին փաստաթղթեր ստանալու հանգամանքին՝ Սբ. Սարգիս եկեղեցին ու դպրոցներն անմասն չեն մնացել 1894-96թթ. սադրանքներից: Եկեղեցին այրվել է, դպրոցներն՝ ավերվել: Միևնույն ժամանակ լրջորեն ավերվել են բազմաթիվ հայկական արհեստանոցներ խանութներ ու տներ:

«1899-ին թվագրվող մի փաստաթղթում նշվում է, որ եկեղեցու դպրոցների վերանորոգման համար թույլտվություն է ստացվել: Այդ գործընթացից հետո ուսումնական կյանքը շարունակվել է դպրոցներում՝ չնայած բազմաթիվ տներից հավաքվել էին հայերեն դասագրքերը:

1915-ից հետո եկեղեցին ու դպրոցները բռնագրավողները դրանք օգտագործել են որպես անմշակ բրնձի ֆաբրիկա, անասնագոմ, հացահատիկի պահեստ և այլն: Վերջին տարիներին Սուր թաղամասում տեղի ունեցած բախումներից (նկատի ունի 2015-դեկտեմբերից 2016-ի մարտին թաղամասում քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև տեղի ունեցած բախումները-խմբ.) հետո թաղամասում սկսած քաղաքաշինության ծրագրի հետևանքով եկեղեցին հայտնվել է քանդվելու վտանգի մեջ»,- նշում է Թունչը:

Նրա խոսքով՝ այս պահին գանձախույզների հարձակումները եկեղեցու վրա շարունակվում են, ուստի 80 տոկոսով ավերված եկեղեցին պահպանելու համար պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն:

«Եթե եկեղեցին քանդվի, նրա հետ կվերանա մի ամբողջ պատմություն ու հիշողություն»,- ահազանգում է Թունչն ու նշում որ չնայած եկեղեցին քանդվելու եզրին է, բայց դեպի իրեն է ձգում բազամաթիվ զբոսաշրջիկների Թուրքիայից ու արտասահմանից:

«Ամեն տարի այստեղ Հայաստանից խմբեր են գալիս: Եթե վերականգնվի, կդառնա զբոսաշրջիկների մշտական կանգառներից մեկը»,- եզրափակում է Թունչը:

Ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից