Հասարակություն 

Նման կարևոր հարցերին պետք է հայերեն պատասխանել, քանզի ռուսերենը մեր վարչապետի փայլուն կողմը չէ. Մհեր Հակոբյան

analitik.am

Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Գարեգին Նժդեհի կերպարի գնահատման մասին բելոռուսական լրագրողի հարցին, ինչպես նաև անդրադարձ կատարելով Նժդեհի կերպարի տարբեր ընկալումներին Հայաստանում և Ռուսաստանում, հիմնական շեշտադրումն արեց այն բանի վրա, որ Նժդեհը ազգային հերոս է ու կռվել է հայերի գոյության համար։

Նա նաև մի քանի անգամ ավելացրեց, որ, այո, եթե Նժդեհը թեկուզ «խոսել էլ է» նացիստական առաջնորդների հետ, ապա նման «խոսակցություններ» ունեցել են նաև շատ այլ անձիք, օրինակ սովետական առաջնորդները և մասնավորապես Մոլոտովը...

Թող ներվի ինձ այս անհամեստությունը, սակայն հարգարժան վարչապետին թույլ տամ ասել, որ սա հարցի միայն մեկ կողմն է և նման նուրբ հարցին նման բարձր ամբիոնից պատասխանելիս պետք էր ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ։

Այսպես, ամենից առաջ պետք է նշել, որ, այո, թեև Նժդեհը մասնակցել է 1918 թ-ի Մայիսյան հերոսամատերին, սակայն նրա անուրանալի ավանդը հայ ժողովրդի առաջ ՈՉ ԹԵ ԴԱ Է, ԱՅԼ, ԿԱՐՃ ԱՍԱԾ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ։

Բացի այդ չէր խանգարի նաև հատկապես շեշտադրել, որ, այո, թեպետ Նժդեհը կապեր ունեցել է նացիստական առաջնորդների հետ, սակայն Հայկական լեգեոնը ԵՐԲԵՔ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԿՏԻՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐևԷ ՃԱԿԱՏՈՒՄ, զբաղվել է թիկունքային և պարեկային ծառայությամբ, իսկ լեգեոնն ինքն էլ ստեղծվել էր մի կողմից հայ ռազմագերիներին ճամբարային մահացու կյանքից փրկելու, մյուս կողմից էլ ԽՍՀՄ հնարավոր պարտության դեպքում ձեռքի տակ գոնե մի ինչ որ ռազմուժ ունենալու համար։

Նաև չէր խանգարի ավելացնել, որ իր ժամանակի Եվրոպայում ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ ԿԱՐ, որ հայերը մի ինչ որ պահի կարող են հավասարեցվել հրեաներին, սրանից բխող հասկանալի հետևանքներով, և Նժդեհի, Դրոյի և այլոց ժամանակին միջամտությունն ու կապերը նույն Գիմլերի հետ փրկեցին հայերին երկրորդ ցեղասպանությունից։

Եվ ի դեպ, նման կարևոր հարցերին ամեն դեպքում պետք է ՀԱՅԵՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, քանզի ռուսերենն ամեն դեպքում մեր վարչապետի փայլուն կողմը չէ, իսկ հաճախ էլ վերջինս դժվարանում է նույնիսկ բառեր ընտրել կամ բառերը ռուսերեն ճիշտ արտաբերել։

Եվ վերջապես, եթե լրիվ ճշգրիտ լինենք, Նժդեհը մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին, ոչ թե Սարդարապատի ճակատամարտին այն իմաստով, ինչ իմաստով որ այս ճակատամարտը ընկալվում է ժամանակակից ռազմապատմական գրականության մեջ։

Վերջին հարցի կապակցությամբ, սակայն, խնդիրն այնքան էլ սկզբունքային չէ, քանի որ և Սարդարապատը, և Ապարանը, և Ղարաքիլիսան ըստ էության մեկ ընդհանուր միասնական մի ռազմագործողություն էին, որի վճռական արարն իրոք Սարդարապատն էր։

Ասածս ինչ է – շատ լավ է, որ մեր վարչապետը ձգտում է պարզաբանել նման նուրբ հարցեր, բայց թող ինձ թույլ տրվի ասել և կրկին ներողություն հնարավոր անհամեստության համար, սակայն դա կարելի է անել ավելի որակյալ մակարդակով»:

Նույն շարքից