Երիտասարդ ծնողների կյանքը լի է հարազատների և լավ մարդկանց կողմից հակասական և բարի խորհուրդներով: Դրանցից ամենազարմանալի արտահայտությունը սկսվում է «երես մի տուր երեխային», և ավարտվում «վայելիր այս տարիքը»: Հետևաբար, շատ հաճախ ծնողները չգիտեն հանգստացնել լացող երեխային, թե՞ «կոփել» նրա բնավորությունը: Անհնար է երես տալ երեխային, երբ գրկում ես նրան, գրում է lifter-ը։
Ֆրանսիացի հոգեբան Դարսիա Նարվաեսն իր հետազոտական խմբի հետ միասին պարզել է, որ այն երեխաները, ովքեր մանուկ հասակում հաճախ են գրկախառնվել իրենց ծնողների հետ, մեծ տարիքում ավելի երջանիկ են:
Պրոֆեսորները հարցում են անցկացրել ավելի քան 600 մեծահասակների շրջանում, ովքեր մանուկ հասակում գրկել են իրենց ծնողներին, կամ հակառակը՝ դա բացակայել է:
Բացի այդ, այն մարդկանց մոտ ովքեր փոքր տարիքում հաճախ են գրկախառնվել իրենց ծնողների հետ, նկատվել է անհանգստության ավելի ցածր մակարդակ, ինչպես նաև ավելի կայուն հոգեբանական վիճակ։
Պրոֆեսոր Նարվաեսը կոչ է արել ծնողներին արձագանքել իրենց երեխաների լացին կամ աղաղակներին․ «Այն, ինչ անում են ծնողները երեխայի կյանքի առաջին ամիսներին և տարիներին, իրոք ազդում է, երեխայի ուղեղի զարգացման և հետագա կյանքի վրա։ Այո, երեխան կարող է լաց լինել բազմաթիվ պատճառներով, բայց մենք՝ ծնողներս, չպետք է անտեսենք դա։ Դա մեր բնազդի պատճառով է: Եթե ուզում եք գրկել երեխային, ապա հետևեք ձեր բնազդին»:
Բոստոնի մանկական հիվանդանոցի Բրազելթոնի ինստիտուտի տնօրեն Քեվին Նյուջենթն ասել է, որ նորածին երեխան ծնողների հետ շփվելուց է իմանում, որ աշխարհն ապահով է և իր կարիքները կբավարարվեն։
Սակայն հարցը վերաբերում է ոչ միայն ծնողներին, այլ նաև հասարակությանը, ովքեր պետք է ավելի բաց լինեն փոքր երեխաներ ունեցող ծնողների նկատմամբ և չտան այնպիսի խորհուրդներ, որը կարող է վնասել երեխային։