Հասարակություն 

Իջևանի հովազի պատմությունը շատ խառն է, ի վերջո պարզվելու է, թե ինչ է եղել և ինչ կենդանի է իրականում․ Պարզաբանում է մասնագետը

Օրերս Տավուշի մարզի Ենոքավանի անտառներում հովազը հարձակվել էր տեղացիներից մեկի՝ Արամ Գաբրիելյանի վրա. նա հիվանդանոցում էր հայտնվել և հենց ինքն էլ ներակայացրել միջադեպը:

Դեպքից հետո ոլորտի մասնագետները մեկնել էին տարածք՝ նախ ուսումնասիրելու, հետո նաև հավաստիանալու, որ իրոք հովազ է եղել, քանի որ այդ տարածքներում հովազ երևացել է 70-80 տարի առաջ:

Analitik.am-ի հետ զրույցում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի ողնաշարավորների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց կենդանու հովազ լինելու վարկածը:

Ըստ նրա, տեղանքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի մասնագետները ֆոտոթակարդներ են տեղադրել, սակայն կենդանու հետքեր այդպես էլ չեն հայտնաբերել: Հետքեր չլինելու փաստը Ղասաբյանի համար զարմանալի է, քանի որ ըստ նրա, բոլոր կենդանիներն են հետք թողնում:

«Այդ կենդանու պահվածքը հովազի չէ. հովազը շատ զգույշ կենդանի է, հազվադեպ է հարձակվում մարդկանց վրա։ Արամն ասել էր, որ ձեռքերը մտցրել է կենդանու երախը: Այդ դեպքում հովազը նրան կպատառոտեր, խորը վնասվածքներ կհասցներ։ Բացի այդ, երբ երկու ձեռքերով պաշտպանվել է՝ նաև կարողացել է գետնին ընկած հրացանից կրակել, որը ևս, անհավատալի է»,-ասաց նա։

Ղասաբյանը փորձում է հասկանալ՝ եթե երկու ձեռքը զբաղված է եղել, հրացանը գետնին՝ ինչպե՞ս է կրակել։ Կրակելու դեպքում մատը կջարդեր. որսորդները գիտեն ինչ է ասում:

Ըստ նրա, տարօրինակ է նաև այն, որ ասում է մի քանի կենդանու կծոտած մարմին են տեսել, որը մասնագետի հավաստմամբ, ևս հովազի վարքագծի շրջանակներում չի տեղավորվում․ «Հովազը երկար մի տեղում որս չի անում, ուտում է, հետո թողնում-գնում է՝ նույն տեղում չի մնում: Ուտելուց հետո էլ երկար պառկում է ու իրեն լիզում՝ ինչպես բոլոր կատվազգիները»։

Ղասաբյանը նաև նկատում է, որ կենդանու հետ Արամ Գաբրիելյանի հանդիպման վերաբերյալ տեղեկությունները ևս հակասական են։ Նախ ասել էր մենակ է, հետո մի քանի հոգով, նախ մեկ հրացան էր ասել, հետո երկուսը. ու այսպես շարունակ: Նման հակասական տեղեկությունները և հովազին ոչ հատուկ վարքագիծն էլ մասնագետներին գցել է կամուկացի մեջ:

«Իջևանի հովազի պատմությունը շատ խառն է, ի վերջո պարզվելու է, թե ինչ է եղել և ինչ կենդանի է իրականում»,- ասաց նա՝ հավելելով, որ անտառներում որսն արգելված է և թույլատրվում է միայն շաբաթ-կիրակի օրերին, իսկ դեպքը տեղի է ունեցել անտառում: Նա չբացառեց նաև, որ մասնավոր այգիներում պահվող որևէ գիշատիչ է եղել՝ կամ փախել է, կամ չեն կարողացել պահել և բաց են թողել: Հովազ է, թե ոչ. նա հիմնականում հակված է ոչ տարբերակին՝ միևնույն ժամանակ ոչինչ չբացառելով:

Ղասաբյանը հիշեց, որ տարիներ առաջ, 50-60-ական թվականերին Դիլիջանի ընդունման կետում որսորդներն անգամ հովազի մորթի են հանձնել, որից հետո արդեն կենդանին գրանցվել է Կարմիր գրքում և նրա որսն արգելվել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից