Հասարակություն 

Որքանո՞վ է տեղին՝ «ոչխար պահեք» հրահանգը. Գայլերի ախորժակի և ոչխարների միամտության մասին

Օրերս Գեղարքունիքի մարզում գայլերը հարձակվել են ընտանի կենդանիների վրա։ Թե ինչու է հաճախակիացել գայլերի հարձակումները և ինչու են ժամանակ առ ժամանակ մոտենում բնակելի տարածքներին ու հարձակվում ընտանի կենդանիների վրա, և ի վերջո, որքան գայլ կա Հայաստանում Analitik.am-ի հետ զրույցում պարզաբանեց կենդանաբան Մամիկոն Ղասաբյանը․ «Այժմ մոտավոր թվերով Հայաստանում 500-800 գայլ կա. այս թվերը մոտավոր են, քանի որ վերջին տարիներին կենդանիների հաշվառում չի կատարվել, ոչ էլ կադաստար կա. մոտ 25 տարվա դիտարկումների արդյունք է»,-ասաց նա:

Ղասաբյանի խոսքերով, տարիներ առաջ հաշվառում էին աղվեսների, գայլերի, այծերի, թվաքանակը, սակայն վերջին տարիներին չեն հաշվառում, իսկ վայրի կենդանիների կադաստարի վարման համար ամեն անգամ փող են խոստանում և այդպես էլ խոստումը մնում է խոստում. «Տարիներ առաջ գայլերն իրոք շատացել էին և ավելի հաճախ էին մոտենում բնակավայրերին ու հարձակվում ոչխարների վրա, այդիսկ պատճառով գայլի որսի համար թույլտվություն տվեցին, նաև պարգև»:

Կենդանաբանը նշեց, որ այդ ընթացքում գայլերի պոպուլյացիան կարգավորվեց, սակայն նրա դիտարկմամբ, եթե ոչխար են պահում՝ պետք է փարախի պատուհանը երկաթե ճաղերով ամրացնել, իսկ դուռը պետք է ամուր լինի․ «Եթե տարածքում գայլեր կան, անվտանգության բոլոր նորմերը պետք է պահել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է արոտավայրում գայլերի հարձակումներին, Ղասաբյանը նշեց, որ պետք է շուն պահել, հաճախ նաև մեծ թվով, եթե դրա անհրաժեշտությունը կա․ «Կարելի է օգտագործել նաև էլեկտրական հովիվների»:

Կենդանաբանը հիշեց, որ խորհրդային միության տարիներին կարելի էր գայլ, շնագայլ ու աղվես խփել։ Որսորդները բերում էին կենդանիների մորթին հանձնում, օրինակ՝ գայլի մորթու համար 50 ռուբլի գումար էին տալիս:

«Գայլը չի կարող շատ կամ քիչ լինի, տարածքային կենդանի է, եթե որևէ տարածքում գայլի ընտանիք կա, ապա այլ գայլեր չեն մտնում այդ տարածք: Երբ գայլերի թվաքականը շատանում է՝ սկսում են քիչ ձագ բերել և պոպուլյացիան կարգավորվում է»,-ասաց Ղասաբյանը:

Հարցին, թե ինչու են գայլերը վերջին տարիներին ավելի հաճախ մոտենում բնակավայրերին, մասնագետն ասաց, որ դաշտերում գայլի կերային բազան պակասել է՝ նապաստակը, կխտարը, խոզը, իսկ ոչխարը հասանելի և հեշտ ավար է. դա է հինական պատճառը, որ գայլերը մոտենում են բնակավայրերին:

«Հիմա մեր բնությունը կամաց-կամաց խելքի է գալիս, բայց դրա հետ միասին ուսումնասիրել է պետք: Փող է պետք ծախսել կադաստրի վարման համար»,-ասաց Ղասաբյանը և հավելեց, որ միայն կադաստրի դեպքում հստակ կարելի է ասել, թե որ կենդանուց ինչքան կա Հայաստանում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից