Հասարակություն 

Հայ-ադրբեջանական սահմանի Խորանաշատի վանքը՝ եվրոպացիների մտահոգության կենտրոնում

analitik.am

Հրապարկվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել Տավուշի մարզի Խորանաշատ վանքը:

Analitik.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Արմեն Սաղոյանը նշեց, որ վանքը գտնվում է Չինարի գյուղի տարածքում, անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի վրա, ադրբեջանական դիրքերից 150 մետր հեռավորության վրա: Խորանաշատը Չինարի գյուղի միակ վանքն է:

«Մեր հույսն ու հավատը մեր Խորանաշատն է: Գտնվում է գյուղի հյուսիսային մասում: Փառք ու պատիվ մեր բանակին, արդեն մեկ տարի է կարողանում ենք գնալ վանք,  մեր անվտանգությունն ապահովել են: Խորանաշատը գտնվում է ադրբեջանցիների նշանառության տակ: Առաջ էլ էինք գնում, բայց ապահով ճանապարհներով, անտառներով, պատսպարվելով»,-ասաց նա և հավելեց, որ Խորանաշատը 13-րդ դարի կառույց է, վանական համալիր, որտեղ նաև դպրանոց է գործել:

«Խորանաշատի դպրության կենտրոնում ուսանել են Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Գոշը, Վարդան Արևելցին, Վանական Տավուշեցին: Եկեղեցին գործող չէ, խորհրդային շրջանում չի գործել, չեն թողել, իսկ արդեն 30 տարի է պարզապես վտանգավոր գոտում է»,-ասաց Սաղոյանը:

Չինարիի համայնքապետը նաև հաղորդեց, որ 2022 թվականին նշելու են Խորանաշատի 800-ամյակը: Եվ եթե ընդգրկվի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձանների շարքում, գարնանը կսկսեն եկեղեցու վերանորոգումը:

«Բարեգործներ կան, նաև համայնքն է պատրաստ աջակցել, մնում է նախաձեռնենք: Թափով գործի կպնենք ու վերակառուցենք Խորանաշատը: Ի դեպ, եկեղեցին շատ խորաններ ունի, այդ իսկ պատճառով կոչվում է Խորանաշատ, եզակի կառույց է: Հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ նմանը չկա: Հրաշք գեղեցկություն ունի, կառուցված է անտառի մեջ»,-ասաց նա:

Սաղոյանը նաև մի ավանդազրույց պատմեց, որը կապված է Խորանաշատի հետ: Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ, երբ նա եկել է այս տարածք ու սկսել է կոտորել շրջակա գյուղերի բնակչությանը, մարդիկ գնացել են Խորանաշատ: Մոնղոլները մտածել են, որ այդպես հեշտ կլինի կոտորել, սպասել են, որ մարդիկ հավաքվեն վանքում: Մարդիկ մտել են եկեղեցի ու դուռը փակել, իսկ եղեղեցին ուներ երկու թունել, որտեղ նրանք պատսպարվել են: Գմբեթի տակ աղավնիներ են եղել, որոնք աղմուկից թռչել են և Լենկ Թեմուրին թվացել է, որ դա մարդիկ են վեր ածվել աղավնիների:

«Արշավանքներից հետո, երբ Լենկ Թեմուրը գնացել է իր երկիրը, հրամայել է մեծ մզկիթ կառուցել, որի վրա փորագրել են նաև Խորանաշատ վանքի պատկերը: Նա իր հետնորդներին պատվիրել է՝ եթե երբևէ կարշավեն Հայաստան, այս վանքին ձեռք չտան, այն սուրբ վայր է»:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից